«Գիշերը հանգիստ է անցել, որեւէ խնդիր չի եղել։ Պայմաններն իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք, թե ինչ ենք անում, ուր ենք եկել եւ ինչքան ենք մնալու»,- երեկ առավոտյան Ազատության հրապարակում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը կիրակի օրվանից սկսել է պայքարի նոր փուլ։ «Իրենց վախով պայմանավորված՝ չեն թողել վրաններ տեղադրվեն։ Վախենում են, որ շարժումն ավելի արագ թափ կհավաքի։ Ես բոլոր մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք հրապարակ, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ասաց Վանեցյանը՝ լրագրողներին խնդրելով սպասել մինչեւ երեկո, երբ ասուլիս կտա եւ կներկայացնի գործողությունների պլանը։ Ողջ օրը նրան էին այցելում տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, աջակցություն հայտնում։ Սպենդիարյանի արձանի մոտ էլ արդեն քանի օր է՝ նստացույց են անում  «Սեւ հովազի» անդամները՝ Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ։ «Մենք պիտի ապացուցենք, որ մեր զոհերը հանուն ոչնչի չեն զոհվել։ Արյունով գծված մեր հայրենիքը մենք պիտի վերականգնենք»,- նշեց Գասպարյանը։

Հարցին, թե միանալո՞ւ են Վանեցյանին, նա արձագանքեց. «Ոչ մեկին չեմ միանալու, միանալու եմ հայրենիքին։ Իմ համար մարդը չափանիշ չէ, հայրենիքն է ինձ համար չափանիշ, ու ոչ մի անուն ինձ չի հետաքրքրում, հայրենիքն է հետաքրքրում։ Պատերազմը մենք կարող էինք կանգնեցնել 4-րդ օրը, եթե Ջաբրայիլի դիմաց կուտակված զորքին կանգնեցնեին, իսկ ինչո՞ւ դա չեղավ՝ հարցրեք գերագույն գլխավոր հրամանատար կոչվածին»։ «Այո, Ռուստամ Գասպարյանն ասում էր, որ պետք է դավաճաններին մաքրել։ Եթե ուշադրություն դարձնենք այդ տեսանյութին, որում նա դա ասում էր, ես մեքենայի մեջ նրա հետեւում նստած էի։ Մենք մարտի դաշտում հասկացանք, որ սա ծրագրված պարտության պատերազմ է»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Գասպարյանը։

Ազատության հրապարակի մեկ այլ անկյունում էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին հացադուլ հայտարարել՝ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, թեպետ Վանեցյանը հորդորել է չանել։ «Ոչինչ էլ ուշացած չէ։ Ով մտածում է, թե ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում մասնակցել։ Իսկ այս ապակենտրոն շարժման նպատակը հնարավորինս մասնակցային դարձնելն է մեր քաղաքացիներին՝ ամեն մեկն իր թաղում, իր գյուղում, իր ընկերական շրջապատում, իր քաղաքական ուժի հետ։ Վստահ եմ, որ առաջիկայում ականատես կլինեք նման բազմաթիվ ակցիաների, որոնց մեկտեղումն օրերի, առավելագույնը՝ շաբաթների հարց է։ Այն, ինչ արեց Վանեցյանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է․․․ իսկ նպատակը՝ Հայաստանը մաքրել այս խմբակից, Հայաստանը մաքրել Նիկոլից։ Մի ժամանակ փողոցները լցված էին «դուխով» գլխարկներով, Նիկոլի պատկերով շապիկներով, բազմաթիվ այլ ատրիբուտներով, առաջարկում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց տներում թափված «դուխով» գլխարկները, շապիկները, օղու շշերը բերեն Ազատության հրապարակ, կուտակեն մի տեղ, եւ Հայաստանը մաքրենք այդ աղբից»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Իհարկե, հնարավոր է կանխել հայրենիքի կորուստը։ Անհնարին բան չկա։ Մենք լավ գիտենք, թե 2018 թվականին այս իշխանություններն ինչպես են եկել իշխանության, այսինքն՝ պայքարել է պետք։ Պատգամավորների ու, առհասարակ, քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելը ես անթույլատրելի եմ համարում։ Կոչ եմ անում իմ նախկին գործընկերներին՝ առաջնորդվել միայն ու միայն օրենքներով։ Սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ Չեմ ասում, թե թող հրաման չկատարեն, բայց, միանշանակ, պիտի առաջնորդվեն օրենքներով»,- նշեց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Սահմանափակելու են ոչ միայն գործող իշխանությունների, այլ նաեւ հաջորդ, եկող իշխանությունների բանակցային հնարավորությունները։ Այս փուլում իջեցնելով նշաձողը եւ հայտարարելով, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, մենք փակում ենք բոլոր այն դռները, որոնք որեւէ փուլում կարող են ապահովել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը եւ դրա իրացումը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչու միասին չեն ընդդիմադիր երկու խմբակցությունները, ինչն է խանգարում նրանց համախմբվել Վանեցյանի շուրջ։ Հակոբյանը վստահեցրեց, թե իրենց օրակարգը նույնն է՝ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, բայց իրենք իրենց գործողությունների պլանն ունեն, որի վրա աշխատում են։ «Այո, մենք հստակ պլան ունենք, բայց, բնականաբար, ես այս պահին չեմ ուզում ու չեմ բացելու փակագծեր, ամեն ինչի վերաբերյալ տեղեկատվություն հաստատ կտրամադրվի»,- նշեց նա։

«Համարեք, որ մանդատները վայր ենք դրել։ Կոնկրետ իմ մասով կարող եմ ասել, որ գոնե ես այլեւս չեմ պատկերացնում, թե խորհրդարանում ինչ պիտի անեմ։ Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ես այդ խորհրդարանում չգիտեմ, թե ինչով պիտի զբաղվեմ։ Ուզում եմ ասել, որ մանդատ դնել-չդնելը տեխնիկական հարց է, բայց պիտի ֆիքսել, որ իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում։ Այո, միանշանակ է, որ դա տեղի է ունենալու հենց փողոցի ճնշման տակ, բայց վայրը խորհրդարանն է։ Հենց այդ մանդատներն են, որ մեզ պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու պրոցեսում»,- ասուլիսի ժամանակ ասաց Արթուր Վանեցյանը։

«Ամենադժվար բաներից մեկը հիմա մարդկանց բացատրելն է, որ իրենք իսկապես մոլորվել են։ Տեւական ժամանակ է՝ այստեղ եմ՝ Ազատության հրապարակում։ Հավատացեք, հազարավոր մարդիկ են գալիս ու սկսում տարբեր հարցեր տալ։ Ես եկել եմ այստեղ ու շփվում եմ քաղաքացիների հետ, գործընկերներս գալիս են ու կրկին շփվում են քաղաքացիների հետ։ Շփվում ենք, որովհետեւ կապն իրոք խզվել է։ Բայց խզվել է ոչ մեր պատճառով, այս գործող իշխանությունների արհեստական բաժանումների պատճառով։ Մարդիկ ամաչելով գալիս են, ասում՝ գիտե՞ք, մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին կամ այն կուսակցությանը։ Նրանք չեն կարողանում ասել, որ սխալվել են, չեն ուզում ընդունել, որ սխալվել են։ Ես մարդկանց ասում եմ՝ ոչինչ, բոլորս էլ կարող ենք սխալվել, կարեւորը ժամանակին կանգնելն ու ճիշտ որոշում կայացնելն է։ Մարդկանց հետ շփումների ժամանակ մենք հասկացանք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, պիտի լինենք այստեղ ու շարունակենք շփվել մարդկանց հետ»,- ասաց Վանեցյանը եւ վստահեցրեց՝ եթե իրենք գան իշխանության, պատերազմ չի լինի։

«Գործող իշխանությունները մարդկանց համոզում են, թե խաղաղություն են բերելու, իրականում մեր երկիրը տանում են պատերազմի։ Պատերազմ՝ կանխատեսված պարտությամբ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու։ Բայց, միանշանակ, մենք չենք էլ կանգնելու ու գլուխներս կախելու թշնամու առաջ։ Շատ ճանապարհներ կան, ու այդ ճանապարհների մասին մենք գիտենք։ Ունենք փորձ, գիտելիք, հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ»,- ասաց նա։

Խոսելով գործողությունների պլանի մասին՝ ասաց․ «Ես չեմ կարող հիմա բարձրաձայնել։ Դուք տեսաք, որ կիրակի օրը մի փոքր վրան տեղադրելու համար ինչ քանակի ոստիկանական ուժեր օգտագործվեցին մեր նկատմամբ։ Իշխանությունները վախեցած են, հասկանում են, որ կորցրել են իշխանությունը, իսկ վերջնականապես ինչպես ենք մենք այդ հարցը լուծելու, դա ընդամենը ժամանակի հարց է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել