Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր եւ մյուս պետական պաշտոնյաների պահպանության հարցն այնքան էլ չի վստահում ԱԱԾ-ին եւ այն վերցնում է իր անմիջական ենթակայության ներքո։ Ներկայացված նախագծում այլ ուշագրավ փոփոխություններ էլ են առաջարկվում։ Օրինակ՝ առաջարկում են, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անձնական պետական պահպանության ժամկետը կրճատվի․ գործող օրենքով պաշտոնաթողները ցմահ պահպանության տակ են, նոր նախագծով առաջարկվում է 7 տարի ժամկետով, «որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով»:
Բացի այդ, հանել հետեւյալ պահանջը․ «Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից»։
Այսինքն, ուզում են օրենքով սահմանել, որ պահպանությունից օգտվող անձինք իրենց կամքով, իրենց դիմումի համաձայն կարողանան հրաժարվել պետական պահպանությունից։ Նախագծով առաջարկվում է նաեւ․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով) եւ այն տարածել նաեւ Ազգային ժողովի նախագահի վրա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել