Azatutyun.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր՝ այս մասին նշված է «Ազատությանն» հասցեագրված վարչապետի աշխատակազմի պատասխանում։

Այս ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ՝ Փաշինյանը հայտարարեց. «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը։

«Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։

«Ազատության» հարցին՝ արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, պատասխանը կարճ՝ «այո» է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել