Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է մեր հարցերին` դեսպան Լին Թրեյսիի՝ Հայաստանի ԿԲ կատարած խորհրդավոր այցելության վերաբերյալ: Հիշեցնեմ․ մենք տեղեկություն էինք ստացել, որ դեսպանը ՀՀ Կենտրոնական բանկի շենք է այցելել մեկ ամիս 20 օր առաջ, հանդիպել է բանկերի կառավարիչների հետ եւ հորդորել զերծ մնալ Ռուսաստանի քաղաքացիներին օգնելուց: ԿԲ-ից եւ կառավարությունից հերքում կամ հաստատում չէինք ստացել, Բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը մեզ ասել էր, որ տեղյակ չէ նման հանդիպումից: Սակայն բանկերի ներկայացուցիչները ծածուկ հաստատում էին տեղեկությունը:  

ԱՄՆ դեսպանատունը փաստացի հաստատեց մեր տեղեկությունը: «Միացյալ Նահանգները գնահատում է միջազգային պատժամիջոցներին հետեւելու Հայաստանի հանձնառությունը եւ այս հարցի շուրջ կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին ի պատասխան, ԱՄՆ, իր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցներն այն ծանր գինն են, որ պարտադրվում է նախագահ Պուտինի նախընտրած պատերազմին աջակցողներին։ Դրանք շարքային ռուս քաղաքացիներին պատժելու նպատակ չունեն»,- ասված է պատասխանում։ Փաստորեն, դեսպանն իրոք հանդիպել է բանկերի կառավարիչների հետ, նրանց ծանոթացրել երրորդ երկրների հանդեպ ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումներին, որոնք կհանդգնեն անտեսել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: 

Ի դեպ, ԱՄՆ ֆինանսների նախարար (դաշնային պահուստների) ղեկավար Ջանեթ Յելենը չորեքշաբթի Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ խոսել է ինչ-որ նախազգուշական նամակի մասին: «Յելենը խիստ նախազգուշացում է արել այն երկրներին, որոնք չեն պատրաստվում խզել ֆինանսական կապերը Ռուսաստանի հետ կամ ձգտում են խանգարել պատժամիջոցների իրականացմանը»,- գրում է CNN-ը: 

«Այն ժամանակ, երբ շատ երկրներ միասնական դիրք են գրավել Ռուսաստանի գործողությունների դեմ, եւ շատ ընկերություններ արագորեն եւ կամովի խզել են գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոշ երկրներ ու ընկերություններ չեն արել դա»,- ասել է Յելենը՝ նաեւ նշելով, որ այդ երկրները փորձում են օգուտներ ստանալ՝ պահպանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ լրացնելով մյուսների թողած դատարկությունը: «Դրանք անհեռատես մոտեցումներ են»,- ասել է Յելենը:

Իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում գտնում ենք տեղեկություն այն մասին, որ այդ նախարարությունը դատախազության հետ համատեղ ձեւավորում է աշխատանքային խումբ՝ ֆինանսների նախարարության կազմում, որը համագործակցում է Ջի-7 երկրների հետ սանկցիաներ սահմանելու եւ դրանց հետամուտ լինելու հարցում, որպեսզի երկրները չկարողանան շրջանցել դրանք: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 25-ին, ԱՄՆ նախագահ Բայդենը ԵԽ-ում ունեցած հանդիպումների ժամանակ սպառնացել էր, որ Ռուսաստանի նկատմամբ անորոշ դիրքորոշում ունեցող երրորդ երկրները կպատժվեն: Հավանաբար, ԱՄՆ դեսպանը հենց այս դիրքորոշումների հետ է ծանոթացրել բանկերի կառավարիչներին, ինչի մասին ՀՀ կառավարությունում չէին կարող տեղյակ չլինել: 

Ի դեպ, ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, որին անվանել էինք Բանկերի միության նախագահ, մեզ գրավոր «խնդրանք» է ուղարկել, որ «այսուհետ Հայաստանի բանկերի միությունից այս կամ այն հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու կամ հարցում ունենալու դեպքում կապ հաստատել ՄԻԱՅՆ ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայության հետ՝ զերծ մնալով գործադիր տնօրենի հետ հեռախոսակապ հաստատելուց»։

«Ձեր նյութում հրապարակում եք, որ ՀԲՄ գործադիր տնօրենը տեղյակ չէ գործընկեր կառույցների հանդիպումներից։ Համարում ենք, որ պարոն Սարգսյանը պարտավոր չէ տեղեկանալ գործընկեր կառույցների աշխատանքային հանդիպումներից եւ քննարկումներից։ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ նախապես չտեղեկացնելով, որ Ձեր հարցման արձագանքը ենթակա է հրապարակման, Ձեր նյութում ներառել եք էական կարեւորություն չներկայացնող տեղեկատվություն»,- գրում է Սեյրան Սարգսյանը, ինչով մեզ չի զարմացնում ամենեւին: Նա բավականին զգուշավոր անձնավորության համբավ ունի: Բայց դա չէ ամենավատը, այլ այն, որ պարոն Սարգսյանը ոչ մի տեղեկություն չունի, թե ինչ կապեր ունի ԱՄՆ դեսպանը ՀՀ բանկերի հետ: Հետեւություն՝ կա՛մ Բանկերի միության նախագահը կամ, պարդոն՝ գործադիր տնօրենը մեզ խաբել է, կա՛մ նա իր տեղում չէ: Իսկ թե ումից եւ ինչպես կճշտենք մեր ունեցած տվյալները, դա արդեն հարգելի պարոնին չվերաբերող հարց է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել