Հարցազրույց պատմաբան, քաղաքագետ, «Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ

- Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, եւ խաղաղությունն այլընտրանք չունի: Մինչդեռ Հայաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ պատերազմն այլընտրանք չունի: Ինչի՞ կբերեն միակողմանի ջանքերն ու ռեւերանսները՝ ուղղված Ադրբեջանին, որը խաղաղություն չի ուզում: 

- Այդ համաձայնությունը, որն անվանում են խաղաղ պայմանավորվածություն, կբերի Հայաստանի նոր կապիտուլյացիայի: Առաջին կապիտուլյացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, եւ այն Ղարաբաղին էր վերաբերում, իսկ սա լինելու է Հայաստանի կապիտուլյացիան: 

- Այդ նոր կապիտուլյացիան արդեն սկսվե՞լ է:  

- Ոչ, առայժմ որոշումն ընդունված չէ: Ղարաբաղի կապիտուլյացիան նախկինում արդեն կայացել է, իսկ հիմա այն հաստատում ստացավ:  

- Փաշինյանը մեր խորհրդարանում քննադատեց ՀԱՊԿ-ն, ասաց, որ ադրբեջանցիների ներխուժումները, Սոթք-Խոզնավար հատվածի արեւելյան սահմանի իրադարձությունները մեր ԶՈւ ձախողումն էին, բայց ՀԱՊԿ արձագանքը ՀԱՊԿ ձախողումն էր: Չե՞ք կարծում, որ, իրոք, ՀԱՊԿ-ն պետք է ավելի ակտիվ լինի Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում: 

- Նախ՝ Փաշինյանի դերի մասին ՀԱՊԿ-ում: Նա ֆորմալ առումով ղեկավարել է, չէ՞, Հավաքական անվտանգության կազմակերպության ուժերը հունվարին՝ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ: Հետեւապես, նա կիսել է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ եթե նա ՀԱՊԿ մյուս անդամների հետ կիսել է պատասխանատվությունը, հետեւապես, նա պետք է մեղադրի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ նաեւ ինքն իրեն: Բայց ես չեմ նկատում, որ նա ինքն իրեն էլ մեղադրի: 

- Չէ՞ որ նա ասում է՝ կներեք, ես մեղավոր եմ, մեր ԶՈՒ սխալն էր: 

- Չէ, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ի հարցում, քննադատելով այս կազմակերպությանը՝ ինքն իրեն էլ պետք է քննադատի: 

- Դուք կարծում եք, որ նա բավականաչափ ակտիվ չէ՞ կազմակերպությունում: 

- Երբ որ դու ֆորմալ առումով, տիտղոսով, ռոտացիոն կարգով ղեկավարում ես կազակերպությունը, պետք է այն քննադատես ոչ թե մի պատահական օրինակով, այլ պաշտոնավարման սկզբից, երբ որ նոր ես ստանձնում պաշտոնը: Մինչդեռ մենք դա չենք լսել: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն քննադատելով՝ նա առանձնացնում է ինքն իրենից այդ կազմակերպությունը, թեեւ ներկայում, ռոտացիոն կարգով, հանդիսանում է պաշտոնատար անձ: Երկրորդ․ ոչ ոք չպետք է պատրանք ունենա, եւ կարծում եմ՝ նորմալ մարդիկ պատրանք չունեն, որ ՀԱՊԿ ներսում Հայաստանը փոքրամասնություն է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հարցում: Իսկ անդամ երկրների մեծ մասը հակված է ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը եւ ձեւացնել, թե դու դա չես տեսնում, պետք չէ: Դա միամիտ մարդկանց վրա է հաշվարկված, իսկ միամիտ մարդկանց այդպես շահագործել պետք չէ եւ ազնիվ չէ: Երրորդը․ ՀԱՊԿ-ն ֆորմալ առումով պետք է միջամտի Հայաստանի արեւելյան մասի իրադարձություններին, սահմանների խախտման ժամանակ: Բայց մենք լավ գիտենք ու տեսել ենք, որ փոխադարձ սահմանային բախումներ են շարունակվում Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ, եւ ոչ ոք ՀԱՊԿ-ին չի կանչում, թեեւ այս երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են: Վերջերս եղան բախումներ Ղրղզստանի եւ Ուզբեկստանի միջեւ եւ այլն: Եզրակացությունը բոլորի համար պարզ է՝ ՀԱՊԿ-ն կազմակերպություն է, որն օգտվում է Ռուսաստանի ռեսուրսներից, ներուժից եւ, առաջին հերթին՝ սպառազինության արտոնյալ գներից: Ռեալ պատկեր կստանանք, եթե հիշենք, թե քանի խաղաղարար էր Հայաստանից հայտնվել Ղազախստանում՝ հունվարի դեպքերի ժամանակ, եւ քանիսը՝ Ռուսաստանից: Եթե մենք պատկերացնենք այս մասնակցության համաչափությունը, կհասկանանք, որ ՀԱՊԿ-ն ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի դոնորության ձեւ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ուրիշ ոչինչ: 

- Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը չպետք է համարձակվի նոր սպառազինություն ձեռք բերել: Հասկանալի է՝ նկատի ունի Ռուսաստանին, որը մեր հիմնական մատակարարն է: Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս ակնարկներին, սպառնալիքներին:  

- Նման ակնարկները պետք է ուղղակի չլսելու տալ, որովհետեւ ցանկացած կոմպետենտ մարդ գիտի, որ սպառազինությունը Հայաստան է գնում ՀԱՊԿ արտոնյալ գներով, ոչ թե շուկայական, ուստի դրա քանակը կարող է լինել շատ մեծ: 

- Փաշինյանի ելույթից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը, Արցախում ամրապնդվեցին Ռուսաստանին դիմելու, ՌԴ կազմ մտնելու տրամադրությունները: Ի՞նչ եք կարծում՝ դա հնարավո՞ր է եւ գործնականում ինչպե՞ս կարող է տեղի ունենալ:  

- Նախ, ուզում եմ ասել, որ լավ կլիներ, եթե ՌԴ-ին դիմելու գործողությանը սատարեր Հայաստանը, եթե նա զգում է պատասխանատվություն Ղարաբաղի ճակատագրի համար: Եթե այդպես է, նա պետք է աջակցի Ղարաբաղին այս հարցում: Ես անձամբ, իհարկե, կուզեի, որ, ինչպես հայտարարեց Ղարաբաղի նախագահը, մեր խաղաղապահները մնային այնտեղ ընդմիշտ: Դե, իսկ իրականությունն այն է, որ մեր խաղաղապահների այնտեղ գտնվելու ժամկետն ավարտվում է 4 տարուց, եւ մինչ օրս նրանց մանդատը դետալիզացված, մանրամասնված չէ Ադրբեջանի կողմից: Նախեւառաջ այդ մանդատը պետք է դետալիզացվի: Երկրորդը․ Հայաստանը պետք է պայքար տանի որպես պաշտոնական կողմ, որը բերել է ռուսաստանյան խաղաղապահներին Ղարաբաղ: Խաղաղապահներին բերել են Ադրբեջանն ու Հայաստանը, եւ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ՌԴ խաղաղապահ մանդատը դետալիզացնելու համար՝ դրա ժամկետն առնվազն եւս 5 տարով երկարաձգելու համար արդեն հիմա: Բայց գտնվելով Բրյուսելում եւ եռակողմ հանդիպման արդյունքում մեմորանդում ստանալով Շառլ Միշելից՝ Հայաստանը ոչ մի բառով չբողոքարկեց այն փաստը, որ այդ փաստաթղթում չկա հիշատակում Ռուսաստանի խաղաղապահների մասին: 

- Հայաստանի ժողովուրդն ու պաշտոնական Երեւանը վաղուց արդեն տարբեր ուղղություններով են նայում, եւ զարմանալի չէ, որ իշխանությունը չի սատարում Արցախին: 

- Որպեսզի ձեզ չքարոզեմ այն, ինչը դուք՝ ինքներդ, շատ լավ հասկանում եք, կասեմ այսպես՝ այո, ես կցանկանայի, որ Ռուսաստանն ընդմիշտ մնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել