Armenpress.am-ը գրում է․

Եթե 2016 թվականին ԱՊՀ սեգմենտում թմրամիջոցների ներկրմամբ զբաղվող HYDRA հարթակի  միջոցով 150 անձ էր գնում կատարում, ապա 2019 թվականին գնորդների թիվն անցել է օրական 20 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականի  վերջում միայն HYDRA հարթակի  ԱՊՀ սեգմենտում գրանցված է եղել արդեն իսկ 3444 խանութ -հարթակ, որոնք գործել են ԱՊՀ տարածաշրջանի 1114 քաղաքներում, որոնց թվում են նաև ՀՀ հինգ քաղաքներ:  «HYDRA հարթակի գործունեության հիմնական գործառույթը մեծաքանակ թմրամիջոցների ներկրումն է: Հաջորդ քայլը հանդիսանում է էջը կառավարող մարդկանց կողմից հատուկ հանձնարարություններով իրենց աշխատակիցներին թմրամիջոցները փոխանցելը և նրանց կողմից Երևան քաղաքի և Հայաստանի մարզերի տարբեր վայրերում դրանց տեղակայումը»,-ասաց նա:

Համբարյանը նշեց, որ Թելեգրամ հավելվածում թմրամիջոցների վաճառքը բաժանված է երկու հատվածի. առաջին հատվածը սինթետիկ թմրամիջոցների վաճառքն է, երկրորդը՝ օրգանական:

«ՀՀ տարածքում գործող օրգանական թմրամիջոցների վաճառքով զբաղվող Ivory organics խանութ-հարթակի միջոցով կատարված թմրամիջոցների վաճառքը գերազանցել է օրական 150-200 «զակլադկաները»»,-ասաց նա, հավելելով,որ էջը մինչև փակվելը ունեցել է  5000-ից ավելի հետևորդ:

«Սա այն եզակի էջերից է, որի միջոցով իրացվել են  մարիխուանայի հիմքով պատրաստված կոնֆետներ և նրբաբլիթներ:  Ներգրավված են եղել նաև կանայք, անչափահասներ,  որոնք  հանդիսացել են թմրամիջոցներ տեղափոխողներ և տեղադրողներ»,- եզրափակեց Համբարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել