Հայաստանի խորհրդարանը երեկ Միլի մեջլիս էր հիշեցնում, ուր Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը, իրարից խոսք խլելով, հակահայկական ելույթներ էին ունենում` գերազանցելով հայատյաց ադրբեջանցիներին։ Փաշինյանը կրկին խոստովանություններ արեց: Մասնավորապես` խոստովանեց, որ ոչ թե ելույթից առաջ է մտածում իր ասելիքի մասին, այլ ելույթից հետո: Ասաց` երեկվանից մտածում եմ, թե ինչ էր նշանակում իմ ելույթը, եւ հասկացել եմ, որ «ճանապարհ եմ բացում... որ մեր ժողովրդին դուրս բերեմ մատաղացու գառի կարգավիճակից»։ Իսկ մինչ այդ ուսապարկերը «շեֆի» գովքն էին անում` շնորհակալություն հայտնում նրա ելույթի համար՝ դրանով իսկ ստանձնելով կոլեկտիվ պատասխանատվություն` Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու վերջին դավաճանական ակտում։

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանի կողմից մի շարք վտանգավոր ձեւակերպումներ էին հնչել, խոստովանություններ արվել: Օրինակ. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, մենք չենք կարող ձեզ օգնել»։ Հաջորդ օրը ՔՊ-ականներն իրենց ելույթներում փորձում էին արդարացնել, որ ճիշտը դա է, ու Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է Արցախը նվիրի Ադրբեջանին, որ մենք խաղաղ ապրենք։

Բազում իշխանությունների օրոք գործիք աշխատած Վիգեն Խաչատրյանը, օրինակ, նկատեց. «Ծանրագույն երկընտրանքի առջեւ ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»։ Ապա հայտարարեց, թե 1996 թվականին ծնված գաղափարը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ գաղափար չի եղել։ «1988 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, եւ 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել կյանքն իրենց պատմական հայրենիքում։ Վերջապես բերեց նրան, որ մենք ունեցանք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ այլեւս հայեր չեն ապրում: Որտե՞ղ մենք պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք, թե մեր նպատակը որն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ 1997 թվականին չգնացինք հարցի լուծմանը, որովհետեւ քաղաքացիական պատերազմ կարող էր լինել, ես երբեք այդ տեսակետը չեմ կիսել, մենք չգնացինք այդ լուծմանը, որովհետեւ որպես իշխանություն՝ կորցրել էինք վստահությունը հասարակության մեջ»,- ասաց նա: Ըստ պատգամավորի` խորհրդարանական մեծամասնությունից է կախված՝  խաղաղություն հաստատելու վարչապետի քաղաքականությունը կպսակվի՞ հաջողությամբ, թե՞ ոչ: Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին` «ճիշտ խոսքերի համար»:

Կենացները քաղցրացրեց Գուրգեն Արսենյանը՝ խրատելով․ «Թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսեւորում»։ Հովիկ Աղազարյանն էլ ասաց. «Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը, փաստորեն, ինքնորոշվում է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրա արդարացի ու արագ լուծման հասցնենք»։

Փաշինյանին՝ «համարձակության» համար, շնորհակալություն հայտնեց նաեւ նոր Հայաստանի թիվ մեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նա հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին․ «Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է, ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանն ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը»։

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ Փաշինյանը, ով հերթական անգամ մանիպուլացրեց իրականությունը, փորձեց արդարացնել իր նախկին մտքերն ու ապագա անելիքները, անհայտ թիրախների վրա հարձակվեց ու դերասանական հմտությունները գործի դրեց։ Ընդամենը մեկ օր առաջ նա նույն ամբիոնից հայտարարել էր, թե միջազգային հանրությունը մեզնից ակնկալում էր, որ տարբեր կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը, ինչպես նաեւ ասել էր․ «Հանձնելով 7 շրջանները՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»: Հաջորդ օրն արդեն հիշեց «դժբախտ ու դժգույն» Շուշին, ասաց, թե 44-օրյա պատերազմը Շուշիի համար է եղել, այսինքն` «միայն 7 շրջանները չէին»։ Մինչդեռ ամենաբարձր մակարդակներից բազմաթիվ անգամներ ասվել է, որ երբեք Շուշիի հարցը չի եղել օրակարգում, այն հայտնվել է 44-օրյայի կեսերին` հոկտեմբերի 19-ից հետո։ 

Հասկանալով, որ նախօրեին չափն անցել է՝ խոստովանելով, որ ինքն է զոհերի թիվ մեկ պատասխանատուն, Փաշինյանը երեկ կրկին դրամատիկ զեղումներով հանդես եկավ՝ փորձելով համոզել, որ ինքը եկել է ճշմարտությունն ասելու եւ մեր արժանապատվությունը վերականգնելու, ինչը, որքան հասկացանք, արտահայտվելու է Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ: Մի ղեկավար, որը 44 օրվա ընթացքում մի քանի սերունդ զոհաբերեց միայն հանուն այն բանի, որ իրեն դավաճան չասեն, այսօր հայտարարում է, թե պետք է թույլ չտանք, որ մեր փոխարեն ուրիշները որոշում կայացնեն, եւ իր առաքելությունն է՝ հայ ժողովրդին «մատաղացու գառան կարգավիճակից» դուրս բերելը: «Ես այսօր ասում եմ՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետեւ մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն ու ինչքան մեզ ներեն... մենք ունենք ինքնասիրություն ու թույլ չենք տա մեր իրավունքը խլել մեզնից»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել