Hraparak.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի տեղադրմանը դեմ արտահայտվողներին ի պատասխան այսօր երեք հակափաստարկ էր ներկայացրել։ 
Նրա պնդմամբ՝ հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար այդ նախագիծն իրականացնել։

«Վստահ եմ, որ նախագծի հանրային, հոգեբանական և տնտեսական օգտակարությունը մի քանի անգամ ավելի կենսունակ է լինելու հակափաստարկների համեմատ։ Առաջին փաստարկն այն է, որ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, հայկական միասնականության խնդիրը։ Կա՞ արդյոք կասկած, որ այսօր մենք ունենք ներքին պառակտվածության, ներքին բարիկադավորման լրջագույն խնդիր։ Դա շատ վտանգավոր է ցանկացած երկրի համար»,- նշել է Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդի դիտարկմամբ՝  հայերի մեծ մասն առանց այդ էլ ապրում է արտերկրում` ՌԴ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում, և եթե Քրիստոսի արձանը կարող է դառնալ միավորող կառույց՝ սփյուռքի և ներսի հայերի համար, եթե կդառնա կանչող մի նախագիծ՝ Հայաստան բերելով մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, ուրեմն ըստ գործարարի` կարելի է գաղափարը հաջողված համարել։

Ծառուկյանը ցանկանում է Քրիստոսի արձանի գաղափարը և դրա խորհուրդը դարձնել ներքին համերաշխության և համահայկականության ուղերձ։

Անդրադառնալով երկրորդ փաստարկին՝ նա նշել է, թե Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթան, քանի որ ցանկացած երկրի համար տուրիզմը տնտեսության զարգացման և բյուջետային մուտքերի ավելացման կարևոր աղբյուր է։ Ծառուկյանը շեշտել է` տարածաշրջանում տուրիստների քանակով ամենափոքր թիվը Հայաստանում է, քանի որ այստեղ չկա ծով, աշխարհին կապող երկաթուղի և այլն։

Նա ընդգծել է, որ Հայաստանի որ անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։ Նրա խոսքով` կարող են կառուցվել նոր ճանապարհներ, հյուրանոցներ, ժամանցի, հանգստի վայրեր, թանգարաններ, հյուրատներ, բնակարաններ, ինչի շնորհիվ էլ կզարգանա տնտեսությունը և կլուծվի մարդկանց զբաղվածության խնդիրը։

Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ, միայն արձանի բարձրությունը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։

Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։

Մեր տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակը, որտեղ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը կտեղադրվի Հատիսն է։  Հանձանողովի համակարգող, մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանից փորձեցինք հետաքրքրվել աշխատանքային պրոցեսի մասին, սակայն նա ասաց, որ երկու-երեք օրից նոր կխոսի։ Հարցին, թե Հատիսու՞մ է տեղադրվելու արձան համալիրը, Հովհաննիսյանը արձագանքեց․ «Հարգելիս, արդեն ասացի՝ երկու-երեք օրից նոր կարող ենք խոսել։ Ճիշտն ասած հիմա տեղս էլ մի փոքր հարմար չէ»։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել