Armenpress.am-ը գրում է․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում:

Կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով` բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ քաղաքացիներին տարկետում տրամադրվում է միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր լինելու, առարկայական օլիմպիադաներում ՀՀ առաջին կարգի դիպլոմ նվաճելու և բուհերի միջազգային վարկանշային սանդղակի` http://www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում կրթության հիմքով տարկետում տրվում է նշանակալի նվաճումներ ունենալու դեպքում (հաշվարկի համապատասխան մեթոդաբանությամբ` ըստ միավորների):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, մեկնաբանելով ներկայացված նախագիծը, նշում է, որ գործող ընթացակարգով օտարերկրյա առաջատար բուհերը որոշակի առաջնահերթություն են ստանում հայաստանյան բուհերի համեմատությամբ:

«Մեր երիտասարդ բազմաթիվ տաղանդավոր, մեր ապագան հանդիսացող երիտասարդների ներուժն արհեստականորեն ուղղորդվում է դեպի արտասահմանյան բուհեր։ Չբացառելով, չսահմանափակելով միջազգային բուհերում կրթություն ստանալու կարևորությունը, առավելություններն ու դրական կողմերը` այնուամենայնիվ մեր մտավոր ներուժի էական բաղադրիչ համարվող երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը պետք է լինեն հայաստանյան բուհերը։ Սա նաև կնպաստի ՀՀ բուհական համակարգի զարգացմանը, քանի որ բուհերը մեր լավագույն երիտասարդների հետ աշխատելու, նրանց՝ գիտության և հետազոտության ոլորտում ներգրավելու հնարավորություններ կունենան»,- նշում է Հ. Գևորգյանը։ 

Անդրադառնալով հարցադրմանը, թե տարկետման՝ առաջարկվող և նախկինում գոյություն ունեցող համակարգերը որքանով են նման կամ ինչով են տարբերվում միմյանցից, Հ. Գևորգյանը նշում է մի քանի կարևոր առանձնահատկություն.  «Նախագծի ընդունման դեպքում կրթության հիմքով տարկետման առաջնահերթությունը կտրվի պետության համար առաջնահերթ, ռազմավարական կարևորություն ունեցող որոշակի մասնագիտություններին և համապատասխան բուհերին: Թե որոնք կլինեն նշված բուհերը և մասնագիտությունները, կսահմանի Կառավարությունը»:

Վարչության պետի խոսքով` տարկետման առաջարկվող իրավունքի տրամադրման մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ սովորողի ուսումնառության ողջ ընթացքի համար կսահմանվի միջին որակական գնահատականի շեմ, որը չապահովելու դեպքում տարկետման իրավունքը կդադարեցվի: Նշված բոլոaր խնդիրները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխության ընդունումից հետո կկարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով:

Քննարկվող նախագծով առաջարկվում է նաև կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնել, որը տարկետում ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա ուսումնառությունը շարունակելու կրթական բոլոր աստիճաններով` ապահովելով վերջնարդյունք:

Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Ներկայացված բոլոր առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով՝ նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Նշենք, որ հանրային քննարկման շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս կլոր սեղան-քննարկում են կազմակերպել առաջարկվող փոփոխության վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել