Armenpress.am-ը գրում է․

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով։ Չկա այնպիսի բանաձև, որ պետությունը քաղաքացուն այնքան օգնի, որ նա աղքատությունը հաղթահարի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հենց այդ կտրվածքով էի ասել, որ մենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ ունենք։ Իհարկե, խոսքը գրանցված աշխատատեղերի մասին է։ Ցավոք, չենք կարողանում զատորոշել, թե որն է, ի վերջո, ստվերից դուրս եկած աշխատատեղը և որն է նոր ստեղծված աշխատատեղը։  Բայց մեզ համար սոցիալական իրավիճակի ինդիկատորը դա պետք է լինի։ Պետք է աշխատեղեր և աշխատավարձեր լինեն, որովհետև այլ մոտեցում չեմ պատկերացնում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ սոցիալական աջակցությունից օգտվողների ցանկերն են ճշգրտում և տպավորիչ թվով այդ ցանկերը կրճատվել են։

«2018 թվականից հետո էլ անընդհատ բարձրացրել եմ այդ հարցը, որ մարդիկ կան, որ պետք է չստանան սոցիալական աջակցություն, բայց ստանում են»,- ասաց վարչապետը։

Վարչապետը շեշտեց՝ իրենց խնդիրն է մարդկանց օգնել աշխատանք գտնելու  և աշխատանքով ապրելու հարցում։

«Եվ այսօր անընդհատ դրա մասին ենք խոսում, թե ինչ ծրագրեր իրականացնենք, որպեսզի օգնենք, որ ինքը աշխատանք գտնի, որովհետև սոցիալական նպաստով բարեկեցություն հաստատել չի լինի։ Իսկ Հայաստանում աշխատատեղեր կան։ Այսօր շինարարության ոլորտում աշխատողի դեֆիցիտ ունենք և այլն, և այլն։ Իհարկե, չեմ ասելու, որ այնտեղ բարձր աշխատավարձեր են, բայց չաշխատելուց ավելի լավ է։ Միևնույն ժամանակ, պետք է պաշտպանենք նաև աշխատողների շահերը, խթանենք աշխատավարձի բարձրացումը»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել