Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ չէ համառ եւ հետեւողական պայքար տանել անգամ խորհրդարանի պատերի ներսում։ Տեղեկացանք, որ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի վերջին թափուր տեղի համար էլ է թեկնածու առաջադրել, չնայած, ըստ օրենքի, այդ տեղը լրացնելու իրավունքը վերապահված էր ընդդիմությանը։ Երեկ արդեն խմբակցությունը հանդիպում է ունեցել ՔՊ-ական թեկնածուի հետ։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուն Մարիամ Կարապետյանն է, որի մասին համացանցային որոնման արդյունքում պարզեցինք, որ նա 2020 թվականից ԵՊՀ ժուռֆակի նոր՝ մեդիա եւ հաղորդակցություն ամբիոնի դոցենտ է։

Հիշեցնենք, որ ՀՌՀ անդամի 3 թափուր պաշտոններից երկուսն անցած ամիսներին ՔՊ-ն արդեն համալրել էր՝ առաջադրելով եւ ընտրելով 90-ականների մշակույթի նախարար Հակոբ Մովսեսին ու ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին։ Երրորդ տեղը, ըստ Դոնթի բանաձեւի, կարող էր համալրել խորհրդարանական ընդդիմությունը, սակայն երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Լիլիթ Գալստյանը մեզ փոխանցեցին, որ դա քվոտավորված չէ, եւ պարտադիր չէ, որ ընդդիմությունը լրացնի։ Ընդդիմությունը երեք անհաջող փորձ ձեռնարկեց այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու՝ Ռուբեն Հակոբյան, Մանվել Բադալյան, որոնց ՔՊ-ն մերժեց։ Փետրվարի 22-ին ՔՊ-ական հանձնաժողովը մերժեց նաեւ Para TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանին, ուստի ընդդիմությունը հրաժարվել է այլ թեկնածու առաջարկելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել