ArmLur.am-ը գրում է.

Ոչ ոք «ոչ մի տեսակի պատերազմ» չի ցանկանում, սակայն միջուկային հակամարտության վտանգը միշտ կա, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ոչ ոք ոչ մի տեսակի պատերազմ չի ցանկանում, հատկապես միջուկային պատերազմն առհասարակ սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը», – ասել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Մեդվեդևի խոսքով՝ ՌԴ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան փաստաթղթում շարադրված են բոլոր այն հիմքերը, թե երբ Ռուսաստանը միջուկային զենք օգտագործելու իրավունք ունի։

Ըստ պաշտոնյայի՝ առաջինն այն հիմքն է, երբ Ռուսաստանը միջուկային զենքի կիրառմամբ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Երկրորդ հիմքը միջուկային զենքի ցանկացած այլ օգտագործումն է երկրի կամ նրա դաշնակիցների դեմ: Երրորդը կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումն է, որի արդյունքում կաթվածահար կլինի ռուսական միջուկային զսպման համակարգը։ Չորրորդ պատճառը կարող է լինել Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիայի ակտը, երբ երկրի գոյությունը վտանգված է։

Ինչպես պարզաբանել է Մեդվեդևը, վերջին սցենարը ենթադրում է պատասխան, նույնիսկ եթե Ռուսաստանի դեմ միջուկային զենք չի կիրառվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել