Lurer.com-ը գրում է.

Եթե հակառակորդը որոշի գնալ լայնածավալ պատերազմի ճանապարհով, ապա դա ինքնասպանությանը հավասար քայլ կարող է լինել, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք լայնածավալ պատերազմի վտանգ կա այս պահին։

«Ես կարծում եմ, որ դա ինքնասպանությանը հավասար գործողություն կարող է լինել, եթե հակառակորդը գնա այդ ճանապարհով։ Դա նշանակում է՝ օգտվել Ռուսաստանի այս ծանր վիճակից և անել գործողություն, որը ավանտյուրիզմի հավասար գործողություն է, որովհետև մենք այսպես, թե այնպես պետք է պաշտպանենք մեր ազգաբնակչությանը Պաշտպանության բանակի բոլոր հնարավորություններով»,– ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ժողովուրդը չի կարող հանդուրժել Արցախի ազգաբնակչությանը սպառնալիքի գոյությունը։

«Համոզված եմ, որ սառը գիտակցումը պետք է հեռու պահի հակառակորդին նման զարգացումներից, որովհետև գործողությունը գործողություն, բայց նաև պատասխան տալու ժամանակ է գալու»,– ասել է նա։

Հաղորդավարի դիտարկմանը, որ սա հակառակորդի համար ամենահարմար պահն է նման քայլերի դիմելու համար, Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է՝ ասելով, որ երբ Ռուսաստանը Ուկրաինայում հասնի իր նպատակին, կամ ռուս–ուկրաինական հակամարտությունը հանգուցալուծվի բանակցությունների միջոցով, ապա Ռուսաստանը չի մոռանալու, որ երաշխավորն է Արցախի հակամարտության տիրույթում և այնպայման չի հանդուրժի, որ ինչ–որ մեկն այդ պահին օգտվեց իր խառը լինելու հանգամանքից։

Պետրոս Ղազարյանի հարցին՝ «Վստա՞հ եք», Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է․ «Ուրիշ տարբերակ գոյություն ունի՞։ Այդ դեպքում մենք պետք է կողմնորոշվենք՝ որ ճանապարհով պետք է լուծենք Արցախի ազգաբնակչության անվտանգության խնդիրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել