«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։

«Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել