Պարուսույց Լարիսա Հակոբյանը ինստագրամյան իր էջի «Stories» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում խոսում է ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։

Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաև տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։ Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել էր։

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել էր 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

Պարուսույցը նշում է՝ այդ օրը պետք է իրենց հարսանիքի օրը որոշեին:

«Իր հեռախոսին զանգեր էին գալիս, ինքն էլ, անընդհատ խոսելով, ներս ու դուրս էր անում: Ես ընդամենը հարցրի՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք քեզ օգնել: Ինքը նայեց ինձ, հեռախոսը դրեց գրպանն ու սկսեց ինձ հայհոյել, խփել:

Գնաց, վերցրեց դանակն ու խփեց հորս, հայրս կույր է, չի տեսնում, գետնին ընկած՝ մինչեւ վերջ խնդրում էր, որ պետք չէ: Նա միայն մի բան էր ասում՝ չեմ եկել, որ գնամ, եկել եմ՝ բոլորիդ սպանեմ»,- մանրամասնում է պարուսույցը:

Նրա խոսքով՝ իր եղբայրը՝ Մոնթեն, արթնացել է այն ժամանակ, երբ նշանածը ցանկացել է դանակով կտրել իր վիզը․

«Ես չէի պատկերացնում, որ իմ եղբայրը նման հերոս է»,- նշում է պարուսույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել