«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

- Արցախում կրկին գազ չկա, իսկ իրավիճակը, կարծես, Հայաստանի գործող իշխանություններին այնքան էլ չի հուզում: Ի վերջո՝ այս հարցը, Ձեր կարծիքով, ի՞նչ հանգուցալուծում պետք է ստանա:

- Բաքվի իշխանություններն այժմ էլ սկսել են հայտարարել, որ Արցախի գազամատակարարման խնդիրն Ադրբեջանի ներքին հարցն է: Այսինքն՝ հասկացնում են, որ ոչ մի արտաքին դերակատար այս խնդրի կարգավորմանը չպետք է միջամտի, քանի որ սա ինքնիշխան Ադրբեջանի որոշելիք հարց է․ կուզի՝ կլուծի, չի ուզի՝ թող մարդիկ սառչեն իրենց տներում: Հայաստանի իշխանությունները Բաքվի այս պահվածքին համարժեք հակընդդեմ արդյունավետ գործողությունների ծրագիր դեռեւս չունեն եւ, գուցե, երբեւէ չունենան էլ:

- Բայց ՀՀ իշխանությունները խաղաղության դարաշրջանի բացման մասին են անընդհատ խոսում, եւ Արարատ Միրզոյանն էլ մեկնել էր Թուրքիա ու նրանց արտգործնախարարի հետ ջերմ հանդիպում ունեցավ, ի՞նչ սպասել: 

- Ինքնին հանդիպումները խնդիր չեն: Էականն այն է, թե հարցերի ինչ շրջանակ է դրանց ընթացքում քննարկվում, եւ արդյոք հայկական կողմը մեզ համար կարեւոր խնդիրները կարողանո՞ւմ է երկկողմ օրակարգի մաս դարձնել: Բայց անգամ եթե դա կարողանում են անել, դեռ անհրաժեշտ է նաեւ ստույգ իմանալ, թե ՀՀ իշխանությունները կոնկրետ որ հարցերն են կարեւոր համարում: Նախարար Միրզոյանն ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման առաջնային լինելը, ինչը նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյունք պետք է լինի: Արդյոք Հայաստանը դրա համար ինչ-որ գին պե՞տք է տա, եւ եթե այո, ապա ո՞րն է լինելու այդ գինը:

- Թեպետ գործող իշխանությունները շատ են խոսում խաղաղության մասին, սակայն կարծես չորս կողմից եկող ազդակներն այլ բանի մասին են հուշում: Նոր պատերազմի վտանգ կա՞:

- Նոր պատերազմի հավանականությունը չի կարելի բացառել: Նոր պատերազմին մենք, ամեն դեպքում, պետք է շատ լավ նախապատրաստվենք: Եթե նոր պատերազմն անխուսափելի է լինելու, ապա անհրաժեշտ է այնպես անել, որ այն սկսվի մեզ համար առավել հարմար պահին: ՀՀ իշխանությունների առաջնային խնդիրն է, բացի կանոնավոր բանակի վերակազմավորումից, ստեղծել տարածքային ինքնապաշտպանության աշխարհազորային կառույցներ, նախատեսել քաղաքացիական բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ՝ ռմբապաստարաններ կահավորել, կուտակել բժշկական պարագաների ու սննդամթերքի պաշարներ: Այս միջոցները պետք է ձեռնարկվեն խաղաղության մասին զրույցներին զուգահեռ: Բայց ամենակարեւոր խնդիրը, որ զուգահեռաբար պետք է լուծվի, դա իրավաքաղաքական ու դիվանագիտական միջոցներով պատերազմի վերսկսման վտանգը կանխելն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել