«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խոսում են խաղաղություն հաստատելու մասին, ու թեեւ Ադրբեջանը շարունակում է կրակել եւ զոհեր պատճառել հայկական կողմին, այնուամենայնիվ, մարտի17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների տեսակետը գործընթացների վերաբերյալ: Այս կապակցությամբ մի քանի հարց ենք ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին.

1. Խաղաղության պայմանագրի գործընթացի մասին ձեզ ի՞նչ է հայտնի:

2. Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել:

3. Երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատման համար ձեր պատկերացրած մեխանիզմները կամ ճանապարհային քարտեզը ո՞րն է:

4. Դեռեւս նախորդ տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, ջանքեր գործադրո՞ւմ եք նրանց՝ Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնելու ուղղությամբ

5. Սահմանազատում ու սահմանագծում անելիս Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգության գոտի պե՞տք է ունենան:

6. Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը, քանի որ խաղաղ համակեցություն Ադրբեջանի կազմում ուղղակի հնարավոր չէ, ինքնորոշված արցախցիները դա կտրուկ չեն ուզում:

Այս հարցերին «Ժողովուրդ» օրաթերթը ընդհանրական պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանատան կողմից, որը ներկայացնում ենք առանց կրճատման. «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել ու ընդլայնել դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին։ Առաջարկում ենք նաեւ ծանոթանալ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած վերջին հեռախոսազրույցների մամլո հաղորդագրություններին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել