ԱԺ այսօրվա նիստում հարց բարձրացրեցի ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաքանակ պատվիրակության հերթական արտասահմանյան շրջագայության թեմայով:
Սա առաջին դեպքը չէ, երբ պետբուջեի հաշվին իշխող խմբակցության պատգամավորները դառնում են թանկարժեք զբոսաշրջիկներ: Նրանք, իհարկե, իրենց այցերը ներկայացնում են որպես դարակազմիկ, բայց Հայաստանին այդ այցերից զրո կամ զրոյից շատ քիչ տարբերվող օգուտ կա:
Տպավորությունն այնպիսին է, որ այս մարդկանց համար խորհրդարանը վերածվել է տուրիստական գործակալության: Ռոտացիոն սկզբունքով արտասահման են մեկնում, մի լավ ման գալիս ու վերադառնում՝ կառավարությունից իջեցված հերթական հրահանգը կատարելու: Շրջագայությունները խորհրդարանական մեծամասնության անդամների համար յուրօրինակ բոնուս են՝ հնազանդորեն ենթարկվելու դիմաց:
Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ են անելու 8 օր 11 հոգով Բալիում և Նուսա Դուայում: Այդ ի՞նչ ճակատագրական հարցեր են որոշելու: Գերիների հա՞րցն են լուծելու, սրընթաց աճող գների դե՞մն են առնելու, Արցախի հումանիտար աղե՞տն են կանխելու, թե՞ Ադրբեջանի կազմից դուրս Արցախի հարցն են կարգավորելու: Հիմա արդեն պարզ է, թե ինչու են պետբյուջեով կտրուկ ավելացրել արտասահմանյան շրջագայություններին հատկացվող գումարները:
Թե որքան գումար է վատնվել այս այցի ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերավարձի վրա, դեռ կպարզենք։
Սա իսկական երեսպաշտություն է ու ցինիզմ. նախկինում քննադատել բյուջեի մսխումը, բայց հետո գալ իշխանության ու բյուջեի մսխման առումով գերազանցել նախորդ բոլոր իշխանություններին: «Ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված ու ժողովրդավարության բարձրագույն լիգայում, իբր, հանդես եկող ուժի դեպքում հենց այսպես էլ պետք է լիներ:
Սա՛ է այս մարդկանց իրական դեմքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել