«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մոտ մեկ ամիս է՝ Ուկրաինայում ընթանում են պատերազմական գործողություններ: Զոհվում են անմեղ մարդիկ, ավերվում քաղաքներ եւ գյուղեր, տնտեսական խոր ճգնաժամ է հասունացել: Մենք մշտական կապի մեջ ենք Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ: Երեկ կրկին հետաքրքրվեցինք Ուկրաինայում տիրող իրավիճակով, ինչպես նաեւ հայկական համայնքի բնակիչների ճակատագրով:

«Այսօր Ուկրաինան այնպիսի վիճակում է, որ քանի գնում՝ մի շարք քաղաքներում ամեն ինչ ծանրանում է ու էլ ավելի վատանում: Դրությունը վատ է Մարիուպոլում, Խարկովում, մայրաքաղաք Կիեւում, Խերսոնում եւ այլ օկուպացված քաղաքներում: Ի դեպ, ընկերս երկար ժամանակ կապի դուրս չէր գալիս, վերջապես երեկ դուրս է եկել, այնպիսի մանրամասներ է ինձ պատմել, որ սարսափելի է: Երկու շաբաթ է, ինչ չկա հոսանք, գազ, ջեռուցում, ջուր: Մարդիկ ասֆալտի վրայի ձյան հալոցքի ջուրն են վերցնում, ովքեր ունեն ակտիվ ածուխ, փողոցի ջուրը թորում են այդ ածուխի միջոցով, որ գոնե պիպետկայով 10-15 կաթիլ կաթացնեն բերանների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց հայերի միության փոխնախագահը:

Իսկ որքանո՞վ է հաջողվում Ուկրաինայում մնացած հայերին կապվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Դավիթ Մկրտչյանն ասաց, որ հոսանք չլինելու պատճառով կապն ընդհատված է: «Մենք խնդիրներ ունենք, հոսանքի պատճառով հեռախոսները նստած են մարդկանց: Ու այդ խնդիրները ոչ մի կերպ չենք կարողանում լուծել: Այն, ինչ իմանում ենք, կանաչ հումանիտար միջանցքների բացման ժամանակ ենք իմանում: Երբ մեր տղաները Կարմիր խաչի եւ զինվորականների հետ մտնում են քաղաք՝ որոնողական աշխատանքների ժամանակ փնտրում են ընկերներին, բարեկամներին, մոտիկներին: Երկրորդ ինֆորմացիան ստանում ենք այն մարդկանցից, ովքեր ինքնուրույն դուրս են գալիս եւ մեզ հետ են կապվում: Վերջին 5 օրվա մեջ մոտ 70 հազար մարդ է դուրս եկել Մարիուպոլ քաղաքից՝ առանց միջանցքների բացման հայտարարելու: Ով վառելիք ունի, նա է դուրս գալիս: Կա նաեւ սննդի եւ դեղորայքի խնդիր: Ավտոբուսների վրա կրակում են, ուստի սննդով ու դեղորայքով բեռնված ավտոբուսները տեղ չեն հասնում: Անցյալ շաբաթ մի ավտոբուսի վրա էին կրակել, վիրավորվել էին վարորդն ու ավտոբուսը ուղեկցող զինվորականը»,- ասաց Դավիթ Մկրտչյանը:

Նրա խոսքով, համայնքից ունեն 15 զոհ, երեկ առավոտյան էլ նոր անուն են ստացել, ճշտվում է մահացածի ինքնությունը: Զոհվածներից 5-ը զինվորական է, 10-ը՝ խաղաղ բնակիչ: «Նշեմ, որ հայ համայնքն առաջին օրվանից արել է իր գործը եւ շարունակում է անել: 15 ավտոմեքենա հումանիտար օգնություն է ուղարկել բոլոր այն քաղաքներ, որտեղ դեռ կարողանում ենք ուղարկել: Պատրաստվում ենք այս շաբաթ 3 ավտոմեքենա արեւելք ուղարկել, տեսնենք` ինչպես կկարողանանք: Շատ ենք ուզում Մարիուպոլ հասցնենք, բայց քանի որ պետական միջոցներն անգամ չեն աշխատում, հումանիտար բեռները ոչ բոլոր դեպքերում կարող են տեղ հասնել»,- ասաց Դավիթ Մկրտչյանը: 

Հետաքրքրվեցինք նաեւ, թե պատերազմի ավարտից հետո որքանով կհաջողվի հայերին եվրոպաներից Ուկրաինա վերադարձնել: «Դուրս եկողների մեծ մասը դուրս կգա՝ խոսքը վերաբերում է, իհարկե, Ուկրաինայի քաղաքացիներին: Այն մարդիկ, ովքեր շանս են ստացել՝ ամրապնդվել Եվրոպայում, մանավանդ, եթե ունեն բարեկամներ, հարազատներ, եւ իրենց կօգնեն այնտեղ հաստատվել, կմնան: Այ, այստեղ է առաջանում հարցը՝ ինչո՞ւ հայերը չեն վերադառնում Հայաստան: Եվրոպան իր 28 պետության դռները բացել է Ուկրաինայից դուրս եկած բոլոր փախստականների համար: Մեկ տարով է նախատեսված Եվրոպայի ընդունելությունը, բայց եթե պատերազմը շարունակվեց, եւս երկու տարի կավելացնեն: Հայաստանի Հանրապետության անձնագրերով քաղաքացիներին, Ուկրաինան լքելու դեպքում, դեպի եվրոպական երկրներ տրված են 15 օրով տրանզիտ վիզաներ, որ 15 օրվա մեջ հասնեն Հայաստան: Մինչ այս պահը, գիտենք, որ չեն վերադարձել, չի երեւում: Եվրամիությունը զբաղվում է այդ հարցերով, եւ երկու ամիս անց պարզ կլինի՝ վտարելո՞ւ են հայաստանցիներին, թե՞ ոչ»,- ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել