Երբ բոլորը քնում են, ես մտովի հիշում եմ տղաներին... իրենց հետ ապրում կյանքն ու կռիվը.
Մասիսը՝ երիտասարդ մի տղա(24տարեկան), գյուղացու մաքրությամբ ու հոգով, արցախցու նվիրվածությամբ և խենթ սիրով։
Մտովի հասա այդ օրը. պատերազմ, գիշեր և դա այն ժամն էր, երբ երկինքը լուսավոր է, իսկ գետինը դեռ մութ...
Մասիսի քունը չէր տանում, մտածում էր զանգի նշանածին, բայց ի՞նչ ասի, ո՞նց ասի, որ հետո իր մահը հեշտ տանի նշանածը...հա՛, նշանված էր ու նախորդ օրը, երբ "սնարյադի վալնան իրեն նետել էր ձորը" Մասյոն նորից վերադարձել էր խմբի տղերքի մոտ, որ տղերքը մենակ չլինեն, բայց քանի որ զգացել էր մահվան շունչը գլխում միայն մի միտք էր պտտվում. "լույսը բացվի, զանգեմ նշանածիս հետ կռվեմ, որ հետո իրա համար հեշտ լինի, ես զոհվելու եմ, զգում եմ..."
Եվ քանի որ Մասյոն մտածում էր բարձրաձայն, ընկերներից մեկը գոտեպնդեց նույնքան պարզությամբ՝ "զոհված ազատամարտի՞կ ես քեզ պատկերացնում, իմ կողմից քեզ մի պսակ, չնեղվե՛ս..."
Տղերքից երրորդը՝ Արմենը "հավատացյալ տղա էր, հաճախ աղոթում էր"...երեք երեխաների հայր էր, փոքրը դեռ 15օրական...
...Լուսադեմին Մասիսը արդեն գիտեր նաև ոնց սկսի կռվել, ամեն ինչ մանրամասն մտածել էր. "զանգեմ շուտ պատասխանի, ասելու եմ, աղջի՛, էդ սաղ օրը ինտերնետու՞մ ես, ուշ պատասխանի կասեմ, տեսար ես եմ, չես պատասխանում. կռիվը պատրաստ է "։
Դա ասեց լուսաբացին, երբ երկինքը լույս է, իսկ գետինը դեռ մութ... երեկոյան զոհվեց, մոտ 12 ժամ հետո...(ամենայն հավանականությամբ այդպես էլ չէր խոսել նշանածի հետ և պատմությունը մնացել էր օդում սառած)
Բոլոր դեպքերը իրական են։ Ողջ է ընկերներից միայն մեկը, անունը չեմ նշել։
Տղերքը Մարտակերտի շրջանից էին։ Դեպքը տեղի է ունեցել 44օրյա պատերազմին՝ նոյեմբերի 1֊ին, Կարմիր շուկայի դպրոցի մոտ։
Հիշե՛ք տղաներին, նրանք մեզնից լավագույնն էին։
Մասիսի նկարը կտեղադրեմ, երբ հերոսի նշանածը կարդա ու ճանաչի իր սիրելիի մտքերը...տարածե՛ք, թող հասնի։
«Կլսե՞ն արդյոք սերունդները մեր սխրագործությունների մասին, կհիշե՞ն մեր անունները, երբ մենք չլինենք։ Կցանկանա՞ն իմանալ, թե ինչպիսին ենք եղել մենք, ինչպես ենք քաջաբար կռվել ու կատաղի ՍԻՐԵԼ...»
Հատված՝ "Տրոյա" ֆիլմից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել