Lurer.com-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավականին ջերմ հարաբերություններ են հաստատել մի շարք նախկին պաշտոնյաների հետ: Վերջիններիս շարքին վստահաբար կարելի է դասել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկին՝ Ալեքսան Պետրոսյանին, ճիշտ է՝ հեղափոխությունից հետո թավիշը նրան էլ էր հասել, բայց՝ ժամանակավոր:

2018-ին ՄԱՊ-ի Ալիկին ձերբակալեցին, նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Չնայած դրան՝ Պետրոսյանը ընդամենը 30 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց, պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին էլ որևէ տեղեկություն մինչ օրս չկա:

Նույնը կարելի է ասել նաև վերջինիս որդու՝ Մակար Պետրոսյանի մասին: Վերջինս նույնպես ձերբակալվեց՝ Սիլվայի հայտնի գործով, սակայն շատ շուտով ազատ արձակվեց: Մակար Պետրոսյանն իր բիզնեսի համար նույնիսկ փորձել է Դուխով լոգոն սեփականաշնորհել և հեղինակային իրավունքներ ստանալ, ահա այդպիսի սեր էր նրան պատել առ գործող հեղափոխական թիմը: Իր հերթին Ալեքսան Պետրոսյանն էլ ժլատությամբ աչքի չի ընկնում և բավականին կլոր գումարների փոխանցումներ է կատարում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան՝ «Իմ քայլը» հիմնադրամին: Դիցուք՝ 2020 թվականին նա մեկ միլիոն դրամ է փոխանցել Մխիթար Հայրապետյանի ղեկավարած ֆոնդին: Զարմանալի չէ, որ Պետրոսյանների ընտանիքը այլևս չի թիրախավորվում:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՄԱՊ-ի Ալիկի և Փաշինյանի հեղափոխական թիմի հարաբերությունները գնալով ջերմանում են, իսկ պետությանը հասցված 4.2 մլրդ դրամին համարժեք վնասի փոխհատուցումն այդպես էլ գրվեց սառույցին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել