Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան երեկ խոսել է խաղաղություն կնքելու համար Բաքվի կողմից Երևանին փոխանցված առաջարկների մասին։ Հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է առարկայական, ինտենսիվ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու շուրջ, եթե Հայաստանն ընդունի  5 հիմնարար սկզբունքները։ Ինչո՞ւ փոխվեց  օրակարգը` Արարատ Միրզոյանի Թուրքիա այցից հետո և ինչո՞ւ Հայաստանն ուղիղ բանակցությունների չի գնում, այլ օգնության է կանչում ԵԱՀԿ-ին։ Թեմայի շուրջ hraparak.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։


«Ադրբեջանի առաջ քաշած հինգ նախապայմանների մասին իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը նպատակ է դրել հարկադրել Հայաստանին վերջնականապես հրաժարվել Արցախից՝ դրանով փակելով Արցախի հիմնահարցը: Հրաժարվել Արցախից նշանակում է ոչ միայն անհնար դարձնել մեր հայրենակիցների հետագա գոյությունը Արցախում, անտեսել ավելի քան երեք տասնամյակ ընթացող պայքարը, զոհաբերված մարդկային կյանքերը, այլ նաև հարվածի տակ դնել Սյունիքը, քանի որ հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը: Ո՛չ Բաքուն, և ո՛չ Անկարան դա չեն թաքցնում»,- ասաց ադրբեջանագետը:

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի, Ադրբեջանը խաղաղության առաջարկ չի անում, դա առաջարկ է կապիտուլացիայի և հայոց պետականության ավարտի մասին: 

«Հայկական կողմը թեև ԱԳՆ մակարդակով այլ՝ ավելի ընդհանրական ձևակերպումներ է անում՝ նշելով, որ պատրաստ է քննարկման, բայց առանց նախապայմանների։ Իսկ օրինակ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հասկացվում է, որ իրենք պատրաստ են ընդունել այդ նախապայմանները, իսկ Արցախի առումով՝ իրենց հետաքրքրում է Արցախի հայրենակիցների ապրելու իրավունքը: Ի՞նչ է նշանակում ապրելու իրավունք, բազմիցս ասվել է և ապացուցվել, որ հայը չի կարող անվտանգ ապրել Արցախում՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով հայի հանդեպ ատելություն է քարոզվում: Դեռ այս իրավիճակում, երբ Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Ադրբեջանը չի դադարեցնում ահաբեկչական գործողությունները և սադրիչ քաղաքականությունը՝ փորձելով հասնել Արցախի հայաթափմանը: Մեկ վայրկյան պատկերացրեք Արցախը Ադրբեջանի կազմում, նշանակում է` Արցախ առանց հայերի, նշանակում է` թիրախավորված Սյունիք»,-ասաց Տաթեւիկ Հայրապետյանը: 

Ադրբեջանագետի խոսքով, ինքը չի հասկանում, թե ինչպես է հայկական կողմը խոսում խաղաղությունից՝ առանց հայտնելու, թե ինչպիսի բովանդակություն ունի իրենց պատկերացրած խաղաղությունը, առանց ներկայացնելու հստակ տեսլական ու կարմիր գծեր: 

«Մենք կարծես մոռացել ենք արդեն, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից 40-45 քառակուսի կմ հատված, չենք նկատում, թե ինչպես են թիրախավորվում Արցախի և ՀՀ սահմամերձ շրջանների մեր հայրենակիցները: Տեսեք, թե 2021 թվականի ընթացքում Ալիևը որքան հայատյաց ելույթ է ունեցել և կհասկանաք, թե որքան հեռու է այդ երկիրը մեզ հետ խաղաղություն հաստատելուց: Այս իրավիճակում մենք խոսում ենք, որ առաջնահերթը «խաղաղության պայմանագրի» կնքումն է՝ նույնիսկ չներկայացնելով հանրությանը, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը՝ կապիտուլյացիա է, իսկ մեր տեսլականը մշուշոտ և խնդրահարույց՝ եթե դատենք իշխանական ներկայացուցիչների տեքստերից»,-ասաց ադրբեջանագետը: 

Տաթևիկ Հայրապետյանը խոսելով հայ–թուրքական հարաբերություններից, ասաց, որ Անկարան և Բաքուն՝ Հայաստանին առաջարկում են կապիտուլյացիոն պայմանագիր՝ խոստանալով բացել սահմանը Հայաստանի և Թուրքիայի մեջ: Վերջինս գտնում է, որ որքան էլ Հայաստանը փորձի տարանջատել հայ–թուրքական կարգավորումը Ադրբեջան–Հայաստան հարաբերություններից, մեր հակառակորդները դրանք դիտում են միասնական շղթայի մաս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել