Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքում և դրա շուրջ կա հինգ հազար չեչեն մարտիկ՝ կոչ անելով քաղաքային իշխանություններին շտապ հանձնվել: Չեչնիայի ղեկավարը համապատասխան գրառումն արել է իր թելեգրամյան ալիքում:

«Մարիուպոլում գտնվողներին ևս մեկ անգամ կոչ եմ անում շտապ հանձնվել, հակառակ դեպքում երեկոյան արդեն ուշ կլինի։ Մենք ձեզ կտրամադրենք անվտանգություն։ Մեր 5000 լավագույն չեչեն մարտիկներ գտնվում են Մարիուպոլի շրջակայքում և ներսում: Գոնե մեկ անգամ տղամարդկային քայլ արեք հանուն խաղաղ բնակչության և քաղաքի»,- գրել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել