ArmLur.am-ը գրում է.

Հայաստանի վիճակագրական կոմիտեն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում փետրվարին հունվարի համեմատ գնանկում է արձանագրել՝ 0.1 տոկոսի չափով: Բայց մեկ տարվա ընթացքում այս շուկաներում գրանցվել է 11.4 տոկոս գնաճ: Ձվի գինը փետրվարին հունվարի համեմատ 11 տոկոսով նվազել է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ձու արտադրող ընկերություններից մեկ հատիկ ձվի գինը վերջին շրջանում զգալի նվազեցրել է՝ հասցնելով 30-35 դրամի: Այս քայլին հետեւել են նաեւ մյուս՝ խոշոր արտադրողները: Սա է պատճառը, որ ձվի գինը մեկ ամսվա կտրվածքով 11 տոկոսով նվազել է:

Մյուս կողմից, ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 7.8 տոկոս գնաճ: Բայց 2022 թվականի հունվարի համեմատ, հակառակը կարագն էժանացել է՝ 1 տոկոսով:

Շաքարավազի գինը մեկ ամսվա ընթացքում 0.3 տոկոսով է նվազել: Բայց այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 18.2 տոկոսով է թանկացել: Պաշտոնապես, պանրի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. այս տարվա փետրվարին հունվարի համեմատ պանիրը թանկացել է 1.8 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում այս շուկայում արձանագրվել է 17.2 տոկոս գնաճ: Մսամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թռչնամսի գինը բարձրացել է 0.3 տոկոսով, գառան մսինը՝ 0.8, տավարինը՝ 3.7, իսկ խոզի մսի գինը՝ 1.4 տոկոսով: Տեւական ժամանակ քաղաքացիները դժգոհում էին թարմ կաղամբի բարձր գնից: Բայց վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ թարմ կաղամբի գինը փետրվար ամսին հունվարի համեմատ 5.6 տոկոսով նվազել է:
Իսկ կարտոֆիլը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 8.3 տոկոսով: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում՝ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կարտոֆիլի գինը բարձրացել է 71.4 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել