Իշխող ՔՊ-ում սկսել են պատրաստվել կուսակցության 6-րդ համաժողովին, որի ընթացքում նոր վարչություն է ընտրվելու։ Չնայած գործող վարչության ժամկետը լրանում է հունիսին՝ 2019-ի հունիսին է ընտրվել, սակայն իշխող թիմում արդեն աժիոտաժ է։ ՔՊ վարչությունում ընտրվելը կառավարության անդամ դառնալուն համազոր բան է, եթե ոչ ավելի, քանզի այստեղ են քննարկվում շատ հարցեր, օրինակ՝ Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի թեկնածությունները։ Յուրաքանչյուր ՔՊ-ական երազում է վարչության անդամ լինել, իսկ ոմանք՝ վարչությունում համախոհների թիմ ունենալ, որպեսզի պրոցեսների վրա ներազդեն, ուստի պայքարը թեժ է լինելու։ «Իհարկե, բարդ է լինելու, քանի որ ՔՊ պատվիրակները, այսինքն՝ ընտրողները, գերազանցում են 1000-ը, եւ դժվար է լինելու ծանոթ-բարեկամ-յուրայինով ընտրվելը»,- ասաց ՔՊ աղբյուրը։

Վարչության անդամների ինքնառաջադրումները դեռ չեն սկսվել, նախնական տեղեկություններով՝ մայիսին է լինելու ժողովը, սակայն արդեն թեկնածուների պակաս չկա։ Այս անգամ էլ հնարավոր է առաջադրումները սահմանափակելու համար սահմանեն 50 հազար դրամ մուտքավճար, այսինքն՝ թեկնածուն պետք է վճարի 50 հազար եւ չընտրվելու դեպքում գումարը հետ չի ստանալու։ Վարչության անդամների քանակը, ըստ ամենայնի, կմնա 21։ Քվեարկությունը կկայանա ռեյտինգային սկզբունքով․ ամենից շատ ձայն հավաքած 21 հոգին կընտրվի։

Ինտրիգը վարչության նախագահի հարցն է՝ նա երկրում երկրորդ մարդն է լինելու, գուցե Փաշինյանի իրավահաջորդը։ ՔՊ-ում չեն բացառում, որ այս անգամ Փաշինյանին ընտրեն։ Վարչության կազմից դուրս կմնան Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Ուկրաինա տեղափոխված Սիփան Փաշինյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել