Hraparak.am-ը գրում է.

Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթի» դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվել։ Բողոքի ակցիան մեկնարկել է ադրբեջանական պատվիրակության Հայաստան այցի դեմ, ակցիան նախաձեռնել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաջորդ շաբաթ Երևանում կայանալու է Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու են պատվիրակներ ինչպես ԵՄ պետություններից, այնպես էլ «Արևելյան գործընկերության» երկրներից։ Դրա շրջանակներում առաջիկա երկուշաբթի օրը ծրագրված է Վեհաժողովի պատվիրակների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի (դեսպան Անդրեա Վիկտորինի) ու Եվրոպական այլ պետությունների դեսպանների հանդիպումը «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ։

Հաշվի առնելով «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» ընտրության հարցում ԵՄ պատվիրակության կողմից ցուցաբերվող խիստ սուբյեկտիվ մոտեցումը, չկա վստահություն, որ հանդիպման ընթացքում բարձրաձայնվելու են լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում օր-օրի վատթարացող վիճակի հետ։

Նշված պատճառով հայտարարում եմ, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 21-ին ժամը 17։30-ին լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու Հայաստանում եվրոպական արժեքների պահպանության հարցում ԵՄ պատվիրակության կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքի դեմ։

Ակնկալում ենք նույն մտահոգությունը կիսող քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել