Pastinfo.am-ը գրում է.

«Ես բացարձակապես չեմ զարմանում Ալիևի ռազմական հռետորաբանության վրա, որի հերթական դրսևորմանն ականատես եղանք նախօրեին։ Սա հուշում է այն մասին, որ, հատկապես, թուրք - ադրբեջանական համատեղ Շուշիի հռչակագրից հետո, այս տանդեմը շատ ավելի ցինիկ ու լկտի դարձավ՝ համառորեն շարունակելով ջանքեր գործադրել, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքը ձեռք բերելու համար», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ Բաքվի նմանօրինակ հռետորաբանությունն, իհարկե, հուշում է սպասվելիք մոտալուտ պատերազմի մասին, ինչը կարող է հանգեցնել Սյունիքի դե ֆակտո անջատումը Հայաստանի Հանրապետությունից։

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում շրջանառության մեջ էր մտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ակնա կատարած այցի ընթացքում հնչեցրած հերթական սպառնալիքները, որտեղ վերջինս հիշեցրել էր, թե 44 օրյա պատերազմի ավարտից ի վեր, Ադրբեջանը չի դադարել ռազմական ուղղությամբ վերազինվելու իր քաղաքականությունը՝ հայկական զինված ուժերին պատասխան տալու համար. «Մենք արյուն թափելով եկանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ»,- ասել էր Ալիևը:

Վերջինս անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի թեմային՝ նշելով, թե այն անպայման պետք է տեղի ունենա։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել էր Ալիևը։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ինչքանո՞վ է հավանական, որ թուրք ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն իրականություն կդառնա հենց այն ձևաչափով, որին ձգտում է Ադրբեջանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ ոչինչ չի կարելի բացառել, հատկապես այն զարգացումների ֆոնին, որոնք կատարվում է այս պահին ողջ աշխարհում. «Նկատի ունեմ՝ առաջին հերթին, ռուս – ուկրաինական հարաբերությունների գերլարումը, ինչպես նաև՝ գերտերությունների տրամադրվածությունն այդ լարման նկատմամբ, այդ թվում նաև, Արևմուտքի որդեգրած կեցվածքը՝ հօգուտ Ուկրաինայի։ Այսպիսի պայմաններում, թուրք ադրբեջանական տանդեմի այսօրինակ վարքը, կարծում եմ, մեծապես կախված է հենց այս հանգամանքով։ Հատկապես Թուրքիան չի էլ թաքցնում իր ընդգծված կողմնապահ վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ, ասեմ ավելին՝ բացահայտ կերպով պաշտպանում է Ուկրաինայի շահերը, ընդհուպ մինչև՝ այդ պետության տարածքային ամբողջականությունը՝ Դոմբասով և Ղիմով հանդերձ, ինչպես նաև՝ ռազմամթերքով Ուկրաինային զինելու իր քաղաքականությունը»։

Հնարավո՞ր է արդյոք ռուս – ուկրաինական ռազմական բախումների պարագայում թուրք – ադրբեջանական տանդեմն անմիջապես գործի անցնի Հայաստանի սահմանների ուղղությամբ։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ եթե Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսեն, Ադրբեջանն, իր մեծ եղբայր Թուրքիայի հետ միասին, առիթը բաց չի թողնի.«Իրականում, սա ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի երկար սպասված երազանքը կլինի՝ ավարտին հասցնել մեկ դար առաջ սկսածը։ Այս իմաստով, մենք մտածելու բան ունենք։ Բացի այդ, Թուրքիան անպայմանորեն հաշվարկում է, որ ռուս – ուկրաինական ռազմական բախումները կարող են հանգեցնել Ռուսատանի Դաշնության դիրքերի թուլացմանը, որով պայմանավորված, Հարավային Կովկասում Ռուսաստանի նման մեծ դերակատարն այլևս չի կարողանա արգելք հանդիսանալ Սյունիքը Հայաստանից պոկելու, այլ կերպ ասած՝ Հայաստանը բզկտելու Թուրքիայի երազանքին»։

Պատմաբանը շարունակում է՝ դեպքերի նմանօրինակ զարգացումների պարագայում, մեր հարավային հարևան՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, պարզապես միայնակ կմնա տարածաշրջանում, ինչը շատ ավելի կբարդացնի մեր վիճակն ու ավելի դյուրին կդարձնի չարաբաստիկ Պանթուրքիզմի ծրագրի իրականացումը։

Խոսելով Հայաստանի արևմտյան սահմանների՝ մասնավորապես Նախիջևանի ուղղությամբ տեղակայված թուքական մեծաթիվ զորքի առկայության ու դրա հնարավոր գործարկման թեմայի մասին, Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ այն, ինչին մենք ականատես եղանք 2020 թվականին ու դրանից հետո՝ առ այսօր, մեզ հուշում է, որ մեր երկու՝ արևելյան և արևմտյան սահմաններին ռազմական գործողությունների բռնկումը կարող է լինել շատ անսպասելի և անակնկալ կերպով, սակայն, մեծ իմաստով՝ նոր պատերազմը սարերի հետևում չէ.« Այնուամենայնիվ, ուզում եմ ենթադրել՝ եթե թուրք – ադրբեջանական կողմում գեթ մի փոքր խոհեմության նշույլ կա, նրանք այդ քայլին չպետք է գնան, որովհետև աշխարհի վերաբերմունքը, պետք է որ, դատապարտելի լինի, նման արարքի պարագայում։ Սա, արդեն, բացահայտ ագրեսիա կնշանակի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչի պարագայում, կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունն, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ երկրներն այլևս որևէ արդարացում չեն ունենա լուռ և անգործ մնալու։ Իսկ եթե, դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում ՀԱՊԿ-ի միջամտությունը չլինի, ապա այդ կազմակերպությունը, որպես ռազմաքաղաքական կառույց, վերջնականապես կհեղինակազրկվի և կդադարի գոյություն ունենալուց»,- ասում է պատմաբանը։

Անդրադառնալով Հայաստանի հետ սահմաններին կատարվելիք դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմայի մասին Ալիեւի հայտարարություններին՝ Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ դեմարկացիա և դելիմիտացիա անելու պարագայում կարելի է զսպել Ադրբեջանի ռազմատենչ ախորժակը. «Սակայն չմոռանանք, որ նույն Ալիևն իր հերթին հայտարարում է, թե, նույնիսկ, Հայաստանի հետ հաշտության պայմանագրի կնքումը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի իր երկրի կենսական շահերը թելադրող ծրագրերից։ Այստեղ խոսքն, իհարկե, մասնավորապես Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին է։ Այսինքն, բանը հասել է այնտեղ, որ Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ՝ եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, միևնույն է, իրենք չեն հրաժարվելու Սյունիքը զավթելու իրենց ծրագրից։ Այլ կերպ ասած, մեզ ուզում են հասկացնեն, որ նույնիսկ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրից հետո, հայ- թուրքական սահմաններին խաղաղություն չի լինելու։ Սրանից մենք պետք է մեր հետևություններն անենք, իսկ հետևությունը սա է՝ որքան պատրաստ լինենք պատերազմին, այնքան պատերազմը մեզանից կհեռանա»,- ամփոփելով զրույցն ասել է պատմաբան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել