Armlur.am-ը գրում է․

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցի քննարկումները կրկին ակտիվացել են: Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչները մտադիր են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը քննարկել Մինսկում կայանալիք հանդիպմանը։ RIA Novosti-ն հայտնում է, որ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովն ասել է, որ ԱՊՀ երկրները քննարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Համագործակցության դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։

«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում փակ կերպով կքննարկվի նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում որպես միջազգային կազմակերպության դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամները  կքննարկեն այս հարցը և որոշում կկայացնեն»,- ասել է Անֆիմովը:

Եթե ԱՊՀ-ն հաստատի այս մտադրությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ, ևս ինքնաբերաբար կստանա դիտորդի կարգավիճակ:

Նկատենք՝ Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցը պարբերաբար ակտիվացել եւ պասիվացել է՝ ելնելով տարբեր իրադարձություններից: Դա հատկապես ակնառու էր վերջին տարիներին եւ ավելի շատ 44-օրյա պատերազմից հետո: ՀԱՊԿ-ին անդամակցելուն զուգահեռ մշտապես խոսվել է նաեւ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հանարավորության մասին: Սակայն նկատենք՝ երկու պարագայում էլ Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի հնարավորություն լինի դիտորդի կարգավիճակ ստանալը կամ անդամակցությունը: Իսկ եթե Հայաստանը վետտո դնի, ապա անդամակցություն չի լինի:

Եվ ուշագրավ է, որ այս հանգամանքը իր խոսքում բազմիցս ընդգծել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, որ  Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս այդ շրջանում խոսել էր Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրելու գաղափարի մասին։ Սակայն դեռ այս ամենը միայն հայտարարությունների մակարդակով են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել