Hraparak.am-ը գրում է․

Դպրոցներին են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Համաձայն դրանց, ընթացիկ գնահատման համակարգը բաղկացած է երկու հիմնական ձեւերից` միավորային (ամփոփիչ) եւ ուսուցանող գնահատում: Իսկ կիսամյակային գրավոր աշխատանքները դուրս են եկել: Ուսումնական առարկայից կախված` միավորային գնահատումն իրականացվում է հետեւյալ հիմնական տեսակներով․ բանավոր հարցում, գործնական աշխատանք, նախագծային աշխատանք, թեմատիկ աշխատանքներ, ամփոփիչ աշխատանք (բացառիկ դեպքերում)։ Մեկ կիսամյակում բանավոր  հարցման, գործնական, նախագծային եւ թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը:

Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձեւավորվում է հետեւյալ կերպ.
1. Որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը, եւ այն մոտարկվում է ամբողջ թվով:
2. Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը:
3. Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը: 
4. Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։

Ուսուցիչները շփոթված են ոչ միայն ընթացիկ գնահատման համակարգից, այլեւ այն փաստից, որ դրա մասին իրենց ասվում է հիմա եւ ոչ թե հունվարին՝ հենց կիսամյակի սկզբին։ Դպրոցներում չգիտեն, թե ինչպես են վարվելու անցած մեկ ամսում կատարած աշխատանքի հետ, մինչդեռ, եթե կարգ է փոխվում, պետք է գոնե այնպես հաշվարկեին, որ դպրոցները 2-րդ կիսամյակ մտնեին արդեն փոփոխություններով։  

Մեդոթական ցուցումները թեպետ ուղարկվել են, բայց դրանց զուգահեռ բազմաթիվ հարցեր կան, որոնց մասով դեռ ոչ ոք պարզաբանումներ չի տվել մանկավարժներին։ Ուսուցիչներ կան, որ անգամ չգիտեն, թե որն է նախագծային աշխատանքը, քանի որ լեկցիոն բնույթի տեքստի եւ օրինակի վրա չեն պատկերացնում, թե ինչ ասել է «նախագծային աշխատանք»։
Մինչդեռ կարելի էր եւ պետք էր նախ վերապատրաստումներ անցկացնել, որպեսզի ուսուցիչները պատկերացում կազմեին իրենց անելիքի մասին։  

Այս փոփոխությունը, մեծ հաշվով, բարդություն չի ստեղծում ուսուցիչների համար, ավելին, զրուցակցիս կարծիքով, սրա արդյունքում նույնիսկ ավելի օբյեկտիվ է աշակերտը գնահատվելու, որովհետեւ նրա վերջնական գնահատականը ձեւավորվելու է օրվա պատասխանների հիման վրա։ Միակ բարդությունն այն է, որ մեթոդական ցուցումները ուսուցիչների համար մանրամասնված չեն, իսկ եթե մանրամասնված չեն, ուսուցիչը չգիտի ինչ անել։  

Գնահատման նոր մեթոդական ցուցումների մասով շատ ուսուցիչներ հենց նախարարության էջում են իրենց հուզող հարցերը բարձրաձայնել, ինչպես, օրինակ․ ««Նախագծային աշխատանք» կետն անորոշ է. արդյոք բոլոր առարկաների՞ց պետք է իրականացնեն, թե՞ մեկ, բոլո՞ր դասարաններում»։ «Կիսամյակային աշխատանքը հանվում է, բայց դրա փոխարեն իր հորեղբոր տղաներն են գալիս։ Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ է նախագծային աշխատանքը, հասկանո՞ւմ եք՝ ինչ է ամփոփիչ աշխատանքը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ ծավալի աշխատանք է սպասվում ուսուցչին ու աշակերտին»։

«Ուրախալի է, որովհետեւ դպրոցներին ճկունություն է տրված։ Սխալ էր, որ կիսամյակայինի գնահատականը 50%-ով վճռորոշ էր»։ «Գումարելիների տեղերը փոխելիս ուզում եք գումարը փոխե՞լ։ Բավ է գնահատեք։ Նախեւառաջ դպրոցականին հարկավոր է ճիշտ ուղղորդել, ոգեւորել, բացատրել ուսման կարեւորությունը, բացահայտել նրա ուժեղ կողմերը, ծանոթացնել զանազան մասնագիտությունների, անհասկանալի թվացող նյութը պարտադիր բացատրել մինչեւ լիարժեք յուրացում…, իսկ դրա համար հարկավոր է ՄՈՏԻՎԱՑՎԱԾ, ԲԱՆԻՄԱՑ, ԿԻՐԹ ՈՒՍՈՒՑԻՉ»։ «Շատ լավ կլիներ, որ ամեն ինչ ավելի պարզ գրվեր մեթոդական ցուցումներում։ Կա՞ն արդյոք առարկաներ, որոնց համար նախագծային ուսուցումը պարտադիր է, մի տեսակ հստակություն չկա, տարբեր կերպ կարելի է ընկալել գրվածը»։ Այսպիսի գրառումներ էին թողել բազմաթիվ օգտատերեր։  

Նախարարությունը մանրամասնել էր նաեւ, թե ինչպես պետք է արվի ստուգման որեւէ տեսակից բացակայելու դեպքում տվյալ աշխատանքի հետագա հանձնումը։ Այն է․ «Գործնական եւ թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչեւ տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը: Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ եւ գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչեւ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք՝ բաց թողած թեմաների մասով, եւ նրա կիսամյակային գնահատականը ձեւավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով: Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է 0 միավոր»:

Բայց խնդիրն այն է, որ այդ «բ»-ի տեղը, երբ հետո գնահատականն է դրվում, այդ նիշը մեկ է հաշվում ծրագիրը եւ չի հաշվարկում որպես միավոր, արդյունքում՝ գերազանցիկ երեխայի կիսամյակները փակվում են 4, 5, 6։ Այդ ծրագրային խնդիրը դեռ չի լուծվել, իսկ «բ»-երի պատճառով եկել են միավորային խախտումներ, արդյունքում երեխաների գնահատականները բավականին ցածր են փակվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dae830d12ce57e5f4c5f768f4efc24e7

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել