News.am-ը գրում է․

Արցախի Կարմիր Շուկա համայնքում այսօր՝ փետրվարի 11-ի լուսադեմին հնչած կրակահերթերն ամենաուժգինն էին վերջին շրջանում: Թեպետ ադրբեջանցիները վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար թիրախավորում են բնակավայրը եւ տեղացիները ինչ–որ չափով սովորել են ապրել կրակահերթերի տակ, այսօրվա միջադեպը մեծացրել է նրանց անհանգստությունը. այս անգամ կրակոցներն ավելի պարզ են լսվել եւ ավելի թիրախային են եղել։

«Մարտի կեսերից այստեղ ամեն օր կրակոցներն են հնչում, բայց այս գիշերվա նման կրակոցներն դեռ չէին եղել։ Վախով ենք երեխաներին դպրոց ուղարկում, բայց ինչ արած, ուղարկում ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկայի բնակիչ Արեւ Գաբրիելյանը, որի տունը վնասվել է ադրբեջանցիների լուսադեմի կրակոցներից։

Արեւ Գաբրիելյանի տունը ադրբեջանական դիրքից 2 կմ հեռավորության վրա է, պատուհանից տեսանելի է ադրբեջանական դիրքի վրա տեղադրված դրոշը։ Հենց այդ տեսանելի դիրքից էլ, ամենայն հավանականությամբ, այսօր ադրբեջանցիները թիրախավորել են Գաբրիելյանների տունը։ Ընտանիքում երեք անչափահաս երեխա կա՝ 7, 8 եւ 9 տարեկան: Կրակոցները հնչել են լուսադեմին՝ ժամը 05։50-ի սահմանում, երբ Արեւն իր կրտսեր դստեր հետ հյուրասենյակում քնած է եղել: Գնդակը կոտրել է պատուհանի ապակին ու ընկել հյուրասենյակում։

«Կրակահերթը տեւեց երկուսից երեք րոպե: Ես հյուրասենյակում քնած էի փոքր երեխայիս հետ: Կրակոցների ձայնից արթնացա, վախից գոռացի, այդ ձայնից էլ երեխաս արթանացավ: Խփեցին մեր պատուհանին, ջարդեցին ապակին, փամփուշտն էլ ընկավ բազմոցի տակ, որը մեզնից մեկ մետր հեռավորության վրա էր»,- պատմեց Արեւ Գաբրիելյանը՝ նշելով, որ ինքն ու երեխան անվնաս են։

Այսօրվա կրակոցներից հետո Կարմիր Շուկա է այցելել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ գյուղում տեղացիների տրամադրությունները հանգիստ են։

«Ինտենսիվ կրակոցների տակ ապրող ժողովուրդն արդեն հարմարվել է այս իրավիճակին։ Այսօր երեխաները դպրոց գնացել են, դասերը չեն հետաձգվել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում Կարմիր շուկա բնակավայրի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակչությանը: Հունվարի 10-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել մանկապարտեզի ուղղությամբ, ինչի հետեւանքով բռնկվել էր մանկապարտեզի տարածքում գտնվող ավտոմեքենան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել