Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննության է կանչել գնդապետ Բորիս Ավագյանի տարեց մորը ու հասցրել նյարդային ծանր վիճակի, լացացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետի կինը՝ Էլեն Ավագյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն «Փաստինֆո»-ին պաշտոնապես հաստատել էր, որ Բորիս Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ինչպես հայտնի է՝ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ։

«Փաստինֆո»-ն դիմել է գնդապետի կնոջը տեղեկանալու, թե արդյոք նրա անունով այս ընթացքում ծանուցագիր ստացվել է, թե ոչ, ինքը՝ կինը հրավիրվել է արդյոք հարցաքննության։

«Գնդապետ Ավագյանը ծանուցագիր չի ստացել՝ հարցաքննության ներկայանալու համար։ Ինձ եւս չեն հրավիրել հարցաքննության, բայց Հայաստանի ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել Բորիս Ավագյանի թոշակառու մորը և տարեց կնոջը հասցրել նյարդային լարվածության, արցունքների»,- «Փաստինֆո»-ին ասել Էլեն Ավագյանը։

Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Ավագյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը՝ կինը նշել է. «Իմ ամուսինը՝ գնդապետ Ավագյանը, շնորհակալություն է հայտնում Հայաստանի իրավապահ մարմիններին, որ նրանք վերջապես դադարել են հերքել, որ նա հետախուզման մեջ է՝ մոլորության մեջ գցելով հանրությանը»։

Էլեն Ավագյանը նաեւ հաստատել է, որ Բորիս Ավագյանի գույքի ու հաշվեհամարների վրա կալանք է դրվել։

Նախքան իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելը Բ. Ավագյանն ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում։ Արդյո՞ք Հայաստանի կողմից Ավագյանի նկատմամբ հետապնդումները կինը պայմանավորում է նրա ակտիվ հասարակական գործունեությամբ՝ հարցին Էլենը պատասխանել է, որ «այո՛, Բորիս Ավագյանի հետապնդումն իրականացվել է Փաշինյանի կողմից՝ Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչի մասին ճշմարտությունն ասելու համար, ինչի համար էլ Հայաստանի խորհրդարանում ելույթ ունենալուց հետո հեռացվել է աշխատանքից (Խորհրդարանական քննարկման ժամանակ Բ. Ավագյանն անընդունելի էր համարել գերիների ու անհետ կորած զինծառայողներին առնչվող հարցերի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները՝ նշելով, որ դրանք վնասում են նրանց հայտնաբերելու, վերադարձնելու աշխատանքներին, ինչից հետո նա ազատվել է հենց այդ հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից-խմբ.)։

«Բորիս Ավագյանի ակտիվ հասարակական գործունեությունը կապված է այն ցավի հետ, որը նա ապրում է Արցախյան Երկրորդ պատերազմի ավարտից և Փաշինյանի կապիտուլյացիայի ստորագրումից հետո»,-նշել է կինը։

2021 թվականի վերջերին Բ.Ավագյանը ձերբակալվել է ՌԴ-ում ու «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, թե ինչի մեջ է մեղադրվում Ավագյանը Ռուսաստանում, ունի՞ արդյոք փաստաբան, ինչին ի պատասխան՝ Էլենը փոխանցեց, որ Ռուսաստանում Բորիս Ավագյանը պայքարում էր թուրքական հատուկ ծառայությունների գործակալական խմբերի դեմ, ինչի մասին շատ են գրել ռուսական մամուլը և ՌԴ իրավապահ մարմինները Բորիս Ավագյանից բացատրություն են պահանջում այս փաստերի վերաբերյալ։ «Նա պահվում է հատուկ գոտում ՝ ապահովելու նրա կյանքի և առողջության անվտանգությունը», - փոխանցել է կինը։

«Փաստինֆո»-ն հետաքրքրվեց նաև թե ո՞ր երկրի քաղաքացի է Բորիս Ավագյանը. Արդյո՞ք կինը մտավախություն չունի, որ Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելով Հայաստանի իշխանություններն ուզում են հասնել նրան, որ Ավագյանին ռուս իրավապահները հանձնեն Հայաստանին, որի իշխանություններին նա մշտապես քննադատել է։ «Բորիս Ավագյանը ծննդով Հայաստանի քաղաքացի է։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել 2007 թվականին, որից հրաժարվել է 2018 թվականին, և ներկայումս ունի միայն Հայաստան Հանրապետության քաղաքացիություն։ Ես մտավախություն չունեմ Ավագյանին ՌԴ իրավապահների կողմից Հայաստանին արտահանձնելու հետ կապված, քանի որ Բորիսը, հենց որ ավարտի իր աշխատանքը ՌԴ իրավապահ մարմինների հետ, ինքնակամ կգա Հայաստան՝ շարունակելու իր պայքարը Փաշինյանի ռեժիմի և նրա բանդայի դեմ»,- նշել է Էլեն Ավագյանը և փոխանցել իր ամուսնու խոսքը. «Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր: Սիրեք ձեր ընտանիքները, սիրեք մեր Հայաստանը, մի հանձնվեք և մի կորցրեք հույսը, դավաճան-Փաշինյանի դեմ պայքարը դեռ նոր է սկսվում. Աստված մեզ հետ է և օգնում է մեզ»։

Լուսանկարում Բորիս Ավագյանն է՝ կնոջ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել