Armlur.am-ը գրում է․

Հայաստան 2021 թվականին ժամանել է 870 հազար 308 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 212 հազար 967-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 350 հազար 569 զբոսաշրջիկ, իսկ 2020-ին այդ թիվը կազմել է 137 հազար 602: Բացի այս, 11 հազար 372-ով ավելացել են Ֆրանսիայից, 9853՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները:

Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 19 հազար 453-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 1451-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Եթե 2020 թվականին ՀՀ Թուրքիայից ժամանել է 2278 զբոսաշրջիկ, ապա 2021-ին նրանց թիվը կազմել է 3729:

Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020-ին Հայաստան այցելել է 18 հազար 278 իրանցի զբոսաշրջիկ, իսկ անցյալ տարի այդ թիվը կազմել է 91 հազար 148: Չի բացառվում, որ առաջիկայում եւս իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի, քանի որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Ի դեպ, զգալի ավելացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. մեկ տարվա ընթացքում 5826-ից՝ հասնելով 31 հազար 662:

Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 40.5 տոկոսով: Անցյալ տարի մեր երկրից մեկնել է 423 հազար 380 զբոսաշրջիկ` 2020-ի 301 հազար 326-ի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել