Armeniasputnik.am-ը գրում է.
Սահմանափակումները հունվարի վերջին կիրառելու համար, ըստ ամենայնի, հիմք հանդիսացավ ոչ միայն համաճարակային իրավիճակը, այլև «դեդլայնին» հասցնելու փորձը։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Հունվարի 22-ից ռեստորաններ և սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չի կարելի մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Կիրառված սահմանափակումների արդյունավետությունը չենք քննարկի։ Առավել ևս չենք բարձրացնում պատվաստման նպատակահարմարության հարցը, հակառակը` պատվաստումը պետք չէ ուշացնել։ Հարցեր ունենք որոշումների կայացման մեխանիզմի վերաբերյալ։

Եվ այսպես` սովորաբար հանրային նշանակություն ունեցող օրենքները, հրամանները, սահմանափակումներն ուժի մեջ են մտնում որևէ տարվա, ամսվա կամ գոնե շաբաթվա սկզբից։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ սահմանափակումների կիրառումն ի սկզբանե նախատեսված էր 2022 թվականի հունվարի 1-ից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի սկզբին հայտարարեց, որ սահմանափակումների նպատակը մեկն է` բարելավել իրավիճակը, հակառակ դեպքում հետևանքները կարող են ավելի ծանր լինել։ Ժամանակին կիրառված սահմանափակումները, ըստ նրա, հնարավորություն են տալիս պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ապահովել տնտեսության կայունությունը։
Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից
Սակայն սահմանափակումների կիրառումը հետաձգվեց մինչև... հունվարի 22-ը` տարօրինակ ամսաթիվ։ Ավելին, շուտով պարզվեց, որ որոշումը տեխնիկապես մինչև վերջ մտածված չէր։ Օրինակ` ինչու էին ռեստորանների և այլ հաստատությունների աշխատակիցները QR կոդերի սքանավորման դեպքում տեսնում այցելուի այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են ԱԱՀ–ն, անձնագրի համարը, ծննդյան ամսաթիվն ու հասցեն։ Բարեբախտաբար, ավելի ուշ թյուրիմացությունը շտկվեց։
Վերադառնանք ամսաթվին։ ՀՀ առողջապահության նախարարությունը հունվարի 11-ին լուսանկարներ հրապարակեց` հայտնելով գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պատվաստման մասին։
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները ստացել էին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բուստերային դեղաչափը։ Նրանք պատվաստվել էին «Moderna» և «Սպուտնիկ V» պատվաստանյութերով։
Сообщение Минздрава Армении о вакцинации министров - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Նախարարները պատվաստվում են
Առաջին լուսանկարում կարելի է տեսնել և՛ պատվաստանյութը արտադրողին, և՛ պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտը, այն է` 22.01։ Այն օրը, երբ ուժի մեջ մտան սահմանափակումները։
Հետաքրքիր զուգադիպություն է, այնպես չէ՞։
Մենք հարցում ուղարկեցինք ՀՀ առողջապահության նախարարություն` խնդրելով տվյալներ տրամադրել այն մասին, թե պատվաստանյութի որքան դեղաչափի (յուրաքանչյուր արտադրողի համար) պիտանելիության ժամկետն է ավարտվում հունվարի վերջին։ Մեզ տվյալներ չտրամադրեցին, գերատեսչությունից հայտնեցին, որ բուժհաստատություններում այդ պատվաստանյութերը դեռ կիրառվում են, և առկա քանակներն անընդհատ փոփոխվում են։
ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 89.6%–ը երեխաներ են. համաճարակաբան
Հունվարի 18-ին մենք երկրորդ հարցումն ուղարկեցինք և արդեն ավելի կոնկրետ հարցադրում արեցինք` որտեղից, որքան և ինչ պայմաններով է Հայաստան ուղարկվել մինչև հունվարի 22-ը պիտանելիության ժամկետ ունեցող «Moderna»–ի խմբաքանակը։ Եվ որքան դեղաչափ է այդ խմբաքանակից օգտագործվել։

«2022 թվականի հունվարի 22-ին պիտանելիության ժամկետը լրացող «Սպայկվաքս» (Moderna) պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունը ստացել է Նորվեգիայի Թագավորությունից` որպես նվիրատվություն հոկտեմբերի 26-ին, 207 600 դեղաչափ», – պատասխանեցին առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում էր, որ Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանելու պահին (հունվարի 22-ից հետո) հայտնի կլինի, թե որքան դեղաչափ է օգտագործվել։ Սակայն մեր հարցմանը «չափից դուրս օպերատիվ» պատասխանեցին` հունվարի 24-ին (շաբաթ), և ներկայացրին միայն հունվարի 21-ի (ուրբաթ) տվյալները` կրկնելով, որ պատվաստանյութը դեռ կիրառվում է և «առկա քանակներն անընդհատ փոփոխվում են»։
Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարության տվյալներով, մինչ օրս պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով չի օգտագործվել ՀՀ ներկրված պատվաստանյութերի 2,3%–ը։
Հարցում N3։ Հասկանալու համար, թե այնուամենայնիվ տվյալ խմբաքանակի քանի տոկոսն է օգտագործվել, մենք երրորդ հարցումն ուղարկեցինք։ Բացի այդ, հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք որևէ այլ խմբաքանակի պիտանելիության ժամկետն ավարտվել է դեկտեմբեր–հունվար ամիսներին, և դրա որ մասն է օգտագործվել։
Ոչ, տվյալներ մենք դեռ չենք ստացել։
«Ներկայումս նշված պատվաստանյութի կիրառված և չկիրառված քանակների վերաբերյալ տեղեկատվությունն ամփոփման փուլում է»,– ասացին առողջապահության նախարարությունից։
Միևնույն ժամանակ հայտնեցին, որ Նորվեգիայի Թագավորությունից ՀՀ–ին որպես նվիրատվություն տրամադրված 2022 թվականի հունվարի 14-ի պիտանելիության ժամկետով 13300 դեղաչափ «Սպայկվաքս» (Moderna) պատվաստանյութն ամբողջովին կիրառվել է։
Եվ այո, մենք չորրորդ հարցումն ուղարկեցինք։ Սպասում ենք։

Պատվաստման տեմպերը

Մինչև նոյեմբերի սկիզբ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափ էր ստացել չափահաս բնակչության միայն մեկ երրորդը (890 հազար մարդ)։ Այդ ժամանակ էլ հենց մահացության հակառեկորդ սահմանվեց` 62 մարդ։
Նոյեմբերի վերջին–դեկտեմբերի սկզբին պատվաստումների թիվը մեկ շաբաթվա ընթացքում գերազանցեց 130 հազարը։ Դա կարելի է կապել չպատվաստված աշխատողների պարտադիր թեստավորման հետ (սկզբում` 14 օրը մեկ, իսկ դեկտեմբերի 1-ից` 7 օրը մեկ)։
Այնուհետև պատվաստումների քանակն ամեն շաբաթ աստիճանաբար նվազեց` 100 հազար, 94 հազար, 80 հազար։ 2021 թվականի վերջին (դեկտեմբերի 26-ից հունվարի 2-ը) և նոր տարվա առաջին շաբաթը (հունվարի 2-9-ը), ինչպես սպասվում էր, ցուցանիշը նվազեց մինչև մոտ 34 հազար։
Առողջապահության նախարարը հունվարի 5-ին հայտարարեց, որ հանրային վայրեր այցելելու հետ կապված սահմանափակումները շուտով ուժի մեջ կմտնեն։
Հունվարի 9-ից թվերն աճեցին։ Հունվարի 9-16-ը պատվաստվածների թիվը 67 հազար էր, հունվարի 16-23–ը` արդեն 64 հազար, իսկ սահմանափակումների կիրառումից հետո` հունվարի 23–30–ը` 58 հազար։
Արդյոք պատվաստումների թվի աճը պայմանավորված էր տոներից հետո առկա տնտեսական ակտիվությամբ, թե սահմանափակումների հետ, դժվար է ասել։

Ամփոփում

Մենք չենք պնդում, որ Հայաստանում QR կոդերի կիրառումն ընդհանուր առմամբ պայմանավորված է եղել պատվաստանյութի խմբաքանակն օգտագործելու անհրաժեշտության հետ, մինչև դրա պիտանելիության ժամկետի ավարտը։
Սակայն կասկածում ենք, որ հունվարի 22-ն ընտրվել է հենց այդ պատճառով, ոչ թե համաճարակային իրավիճակը հաշվի առնելով։
Հետգրություն. տվյալ հոդվածը որևէ կերպ կասկածի տակ չի դնում բուն պատվաստման նպատակահարմարությունը, որպես հիվանդության ծանր ընթացքը մեղմելու հավանականության գործոն։ Հոդվածի հեղինակն անձամբ պատվաստվել է երկու տարբեր պատվաստանյութերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել