Hraparak.am-ը գրում է.

Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիսահարբած, մկկուն ձայնով, ծուռ բեղերով Մկոյի եւ Էրիկի՝ «Մեր բակից» հայտնի «Հարսանիք» պոպուրի կատարումը` Я ворона, ты ворона կրկներգով: Այս խայտառակ միջադեպի մասին թեեւ բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում՝ մեր թերթի էջերում, այդուհանդերձ, որեւէ կերպ պաշտոնական մակարդակով պարզաբանում չտրվեց հանրությանը, թե իր հարկերով սնվող Առաջին ալիքն ինչու էր ամանորյա եթերը լցրել աղբով, ում ընտրությունն ու որոշումն էր եղել հենց այդ կատարումով մտնել նոր տարի, եւ ինչ մեսիջ էին ուզում դրանով փոխանցել հանրությանը։  

Պարզվում է՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը քննարկել է ամանորյա եթերի հարցը եւ նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը։ Խորհուրդն արագ է արձագանքել, նախ՝ բացատրություն են պահանջել, այնուհետեւ առանձին քննարկել են հարցը եւ նկատողություն հայտարարել։ Նա նաեւ նշեց, որ հեռուստաընկերության տնօրենը ստանձնել է այդ պատասխանատվությունը` գիտակցելով իրենց մեղքը։ Հարցին, թե ում որոշմամբ էր այդ կատարումը եթեր գնացել, Վ․ Մարտիրոսյանը նշեց, որ խորհուրդն այդքան մանրամասն տեղյակ չի լինում, թե համերգային ծրագրի շրջանակներում ինչ պետք է եթեր գնա, իրենք ընդհանուր քաղաքականությունն են մշակում եւ հաստատում հաղորդացանցը. «Ի դեպ, խորհրդի անդամներն իրարից առանձին այն վերաբերմունքն ունեին, որ դա՝ այդ երաժշտական համարները, հարիր չէին ամանորյա գիշերվան, քննարկեցինք ու որոշեցինք, որ տնօրենին պետք է նկատողություն հայտարարենք»։

Թե ինչպես է տնօրենը հիմնավորել երաժշտական այդ համարի ընտրությունը, Վ․ Մարտիրոսյանը նկատեց․ «Ընդհանուր առամբ, այդ համարները կապված էին «Մեր բակը» ֆիլմի ցուցադրության հետ եւ այդ ֆիլմի հանրահռչակման արշավի մաս էին կազմում, բայց հենց Ամանորի գիշերը՝ վարչապետի եւ կաթողիկոսի ելույթներից հետո, բոլորովին ուրիշ տպավորություն էին թողնում, այսինքն՝ այդ կոնտեքստում չէր ընկալվել հանրության կողմից, եւ մեզ համար էլ, ըստ էության, դա ճիշտ չէր, որ այդ հանրահռչակման արշավը վերաբերեր հատկապես Հանրայինի ամենադիտելի ժամին, եւ այդ ժամին այդպիսի համարներ եթեր մտնեին, որը կարծես պարոդիկ բնույթ ունի, բայց, միեւնույն է, այդ պահին հարիր չէր»։ Մարտիրոսյանը շտապում է հավելել, որ, ընդհանուր առմամբ, Հանրայինի տնօրենն անցած տարի նաեւ լայնածավալ աշխատանք է արել, մի շարք մասշտաբային ծրագրեր իրականացրել, եւ այդ իմաստով ՀՀԽ-ի տված նկատողությունը չի արտահայտում իրենց ընդհանուր դժոգությունը տնօրենից։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել