8 տարի առաջ այս օրը ադրբեջանական հատուկջոկատայինների դիվերսիան ետ մղելիս հերոսաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ գրվեց. «Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը»: Արմենի կյանքի գնով այդ դիրքն անառիկ մնաց։
Այն ժամանակ պետություն ունեինք։ Պետություն, որը գիտեր հայրենիքի համար կյանքը զոհած զինվորի արժեքը։ Արմենին հետմահու շնորհեցին «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներ։
Արմենի օրինակով դաստիարակվեցին սերունդներ, ովքեր տարիներ անց պետք է կրկնեին նրա սխրանքն ու անգամ վիրավոր վիճակում չլքեին իրենց վստահված դիրքերը, մինչև վերջին շունչը կռիվ տային մայր հողի համար ու ընկնեին հերոսի մահով։
Հիշատակդ վառ, Արմեն ջան։ Հավերժ փառք քեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել