ԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն: Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը նման քայլի գնաց, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հիմնական հարցերից մեկն այն է, որ ինչու, երբ ժամանակին ՀՀ-ն դիմել էր օգնության համար, չէր ստացել նման օգնություն, իսկ այսօր, երբ դիմում են ՀՀ-ին, ՀՀ-ն նման գործողություն է իրականացնում: Մենք շատ կարևորում ենք պատասխանատվությունը, որը վերցրել ենք, և այստեղ նաև կա մյուս հարցը. արդյոք ՀՀ-ն հետաքրքրված է, որ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցվեն: Այստեղ պատասխանը միանշանակ է՝ այո՛: Եթե «այո» է պատասխանը, ապա Հայաստանը, ելնելով այդ պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել»,- ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ, կարելի է ասել, այլևս հեղափոխական գործընթացներ չէին, ահաբեկչական գործողություններ կային:

«Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում նման որոշում է կայացվել»,- ասել է Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել