Երևանի քաղաքապետարանում կայացավ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Երդմնակալությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության այլ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ։

«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների»,-երդվեց Հրաչյա Սարգսյանը։

Երդման արարողությունից հետո նորընտիր քաղաքապետը հանդես եկավ ելույթով՝ դիմելով ներկաներին։ Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, թե մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա քաղաքի քաղաքապետի պաշտոնը։

«Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ և հիմնարար լուծումների կարիք ունեն, և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մայրաքաղաք Երևանի հետագա կայուն զարգացումը։ 2018-ի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են, և մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ իրագործել հավակնոտ, բայցև իրատեսական ծրագրերը»,-հայտարարեց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ շատ է կարևորում ներդաշնակ և արդյունավետ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև։ «Լիահույս եմ և ակնկալում եմ ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել