Մենք ասում էինք, որ պետության պարտականությունը չպետք է դրվի մարդկանց վրա, մարդիկ իրենց հաշվին չպետք է կրեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորման ծախսերի բեռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պարզաբանելով ՍԴ որոշումը, համաձայն որի՝ հակասահմանադրական ճանաչվեց առողջապահության նախարարի հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը։ 

«Պետությունն է այս ամբողջ գործընթացի պատասխանատուն և պետք է ապահովի անհրաժեշտ պայմանները, հետևաբար նաև ծախսային բեռը չպետք է թողնի մարդու վրա։ ՍԴ-ն հենց «իր հաշվին» բառակապակցությունը հակասահմանադրական ճանաչեց, այն այլևս գոյություն չունի իրավական իմաստով»,-ասաց պատգամավորը։ 

Անդրադառնալով ՍԴ որոշումից հետո Առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը, թե աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում, Վարդևանյանն ասաց, թե պետք է փորձել ըմբռնումով մոտենալ այդ հայտարարությանը, սակայն հարցեր են առաջանում։  

«Իսկ ի՞նչ է պետք անել այն հարյուր հազարավոր մարդկանց դեպքում, որոնք հակասահմանադրական ձևակերպման պատճառով ծախսել են միջոցներ։ Պարտականություն է դրվել, մարդիկ ծախսեր են կատարել։ Գիտեմ մարդկանց, որ այդ ծախսերի պատճառով լրջագույն ֆինանսական դժվարություններ են ունեցել։ Հիմա Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է նայելու այդ մարդկանց աչքերի մեջ»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ, ի վերջո, ՀՀ-ում պետք է ձևավորվի քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։

«Իմ կարծիքը միանշանակ այն է, որ ծախսի կատարումը պետք է դրվի ՀՀ պետական բյուջեի միջոցների վրա։ Հիմա այդ ողջ գումարները որ ծախսվել են, ի՞նչ հետևանք է լինելու․ արդյո՞ք ՀՀ կառավարությունը, որը մշտապես խոսում է ժողովրդի անունից, ասում է, թե ներկայացնում է ժողովրդի լավագույն շահը, գումարները վերադարձնելու է»,-ասաց Արամ Վարդևանյանը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել