Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի պահ մենակ է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ուղիղ խոսելու համար: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ մի պահ մենակ է թողել երկրների ղեկավարներին՝ Միշելը պատասխանեց. «Այո, դա ճիշտ է: Ես կարևորում եմ իմ կողմից օգնելը, աջակցելը, բայց նաև շատ կարևոր է, որ նրանք ուղիղ խոսեն»:

Եվրոպական խորհրդի նախագահը մեծապես կարևորեց երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապ ստեղծելը՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի հանդիպումները, ինչպիսին կայացավ Բրյուսելում, ևս կարևոր են:

«Ես համոզված եմ, որ ուղիղ կապը երկու ղեկավարների միջև շատ օգտակար է: Մեզ հաջողվել է դրական դեր խաղալ պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապը հնարավոր դարձնելու գործում՝ հնարավոր միջադեպերը կանխելու, հետագա բախումներից խուսափելու համար»,-նշել է Միշելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել