Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն:
Այս միջադեպը վերահաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին հայկական բնակավայրերի և խաղաղ բնակչության հարևանությամբ կյանքի իրավունքի խախտում է, անվտանգության անմիջական սպառնալիք։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի ԱԱԾ-ն հաստատել են, որ այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի։ Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից։
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և Հայաստանում, և Արցախում նույնաբնույթ են, իսկ դրանց աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել