Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ այսօր Մարտունու Ճարտար քաղաքի 1956 թ․ ծնված Ս.Ս.-ն "մոլորվել" ու հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում և "վերջիններիս կողմից վերցվել արգելանքի": Բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին վերադարձնելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ թշնամին մեր 65-ամյա քաղաքացուն արդեն հասցրել է ներկայացնել որպես սահմանախախտ, ահաբեկիչ, որին իրենք զինաթափել ու հետո սպանել են։
Թշնամու հետ կապված ասելու ոչինչ չկա։ Ամեն ինչ առավել քան պարզ է․ ադրբեջանցիք ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ գերեվարել և կամ սպանել մեր բնակիչներին, ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ կրակել մեր բնակավայրերի վրա, ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼՈՒ սադրանքների դիմել։ Նրանց նպատակը մեկն է և դա գաղտնիք չէ՝ կամ բնաջնջելով, կամ վախի մթնոլորտ ստեղծելով անհնար դարձնել հայ մարդու գոյությունը հայկական հողի վրա։ Այս մասին իրենք խոսում են անընդհատ, այս նպատակի իրագործմանն ուղղված քայլերը նրանք կատարում են ամեն օր։ Սպասել նրանցից այլ բան պարզապես հիմարություն է։
Հարցերը և պահանջները նախևառաջ մեր կողմին են ուղղված, այն մարմիններին, որոնք սահմանադրորեն պարտավոր են ապահովել մեր ու մեր սահմանների անվտանգությունը։
▪ Պատերազմից անցել է մեկ տարուց ավել։ Ինչու՞ մեր սահմանները (թեկուզ և դրանք ժամանակավոր են) եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե թշնամուն առավել մոտ և խիստ վտանգավոր հատվածներում խրամատավորված ու կահավորված չեն և առավելագույնս չեն վերահսկվում, չէ՞ որ միայն այդ կերպ է հնարավոր բացառել կամ գրեթե զրոյին հասցնել մեր բնակիչների "մոլորվելու" և թշնամու ձեռքում հայտնվելու հնարավորությունը։
Այսօր Արցախում թիվ մեկ խնդիրն ու առաջնահերթությունը անվտանգության ապահովումն է։ Առանց անվտանգության գերապահվման մասշտաբային բնակարանաշինությունն արժեք չունի։ Դա գետի բերանին ավազի վրա տուն կառուցել է, սելավն որ եկավ, քշելու է տանի։
▪ Ինչու՞ է Արցախի ԱԱԾ-ն ամեն անգամ նման դեպքերը ներկայացնում որպես մեր բնակչի "մոլորվելու հետևանք"։ Ինչու՞ է այդ կերպ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կոծկում թշնամու՝ մեր բնակիչների դեմ ուղղված հանցագործությունները և արդարացման հնարավորություն ստեղծում նրանց համար։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ թշնամին գերեվարում է մեր բնակիչներին, առևանգում և գերեվարում։ Բավական չէ՞ մեր քաղաքացիներին ներկայացնել որպես "մոլորյալ" անմիտներ, որոնք, քաջատեղյակ իրենց սարուձորին, իրենց հանդ ու չոլին, իրենց անտառներին, օրը ցերեկով իրենք իրենց ոտքով գնում ու ընկնում են թշնամու ձեռքը։
Գուցե ԱԱԾ-ում մտածում են, որ այսկերպ չեն թողնում, որ բնակչության շրջանում խուճապ տարածվի։ Բայց խուճապի բացառման լավագույն տարբերակը խուճապի հնարավոր աղբյուրի/առիթի բացառումն է, ոչ թե թշնամու հանցավոր արարքների կոծկումը կամ այլակերպ ներկայացումը։
Թշնամին գիշատիչ է, տունդ պիտի պաշտպանեսված լինի, ձեռքիդ էլ՝ մահակ, որ պարբերաբար մռութին տաս, որ նախ՝ ախորժակը զսպի, հետո էլ վախենա՝ քո կողմը անգամ նայի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել