Armeniasputnik.am-ը գրում է․
Առողջապահության նախարարությունը հունվարի 1-ին կհանրայնացնի, թե կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումն արդյո՞ք վճարովի է լինելու, թե ոչ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր` առողջապահության նախարարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնել-չդարձնելու հարցը։ Կորոնավիրուսի դեմ բուժումը կարժենա մոտավորապե 800 000 դրամ։
«Դեռ քննարկումներ են գնում, և որոշակի հաշվարկներ ենք իրականացնում։ Սակայն սոցիալապես անապահովների կամ այլ շահառուների խմբերի համար, որոնք արդեն իսկ պետության հոգածության շրջանակներում են, բուժօգնությունը կտրամադրվի պետության հաշվին»,–ասաց Ավանեսյանը։
Նա հավելեց, որ հունվարի 1-ին կներկայացնեն իրենց առաջարկները և քաղաքականությունն այս առումով։
Անդրադառնալով պետպատվերով բուժման ծավալների մեծացմանը` նախարարը նշեց, որ կառավարությանը կներկայացնեն հավելյալ գումարի պահանջ։ Սա, ըստ Ավանեսյանի պայմանավորված է երեխաների շրջանում սուր շնչառական վարակների և այլ վարակների գլուխբարձրացման պարագայում բուժօգնության ծավալների աճով։ Նա հավելեց, որ խոսքը 500 մլն դրամի մասին է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել