168.am-ը գրում է.

Factor.am-ը, հղում անելով Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանին, տեղեկություն տարածեց, որ ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։

Պետրոսյանը նշել էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

«Sputnik Արմենիային» էլ Իշխանասարի գյուղապետը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը հեռացել են այն հատվածից, որտեղ մարտեր էին ընթանում, սակայն Պետրոսյանին հայտնի չէ՝ արդյո՞ք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։

Նշենք, որ ըստ իշխանական շրջանակներից տարածված տեղեկությունների, մարտերը եղել են Մեծ Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում:

ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարել է, թե «մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան, շուտ թե ուշ»:

Մինչդեռ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատել, ոչ հերքել էին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Ուշագրավ է, որ այս տեղաշարժից տեղյակ չէ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում, մասնավորապես, նա նշել է.

«Սիսիանի Իշխանասար գյուղի մասով տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերում է Գորիսին, ապա, իմ ունեցած տեղեկություններով, Սև լճի ուղղությամբ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Նույն լրատվամիջոցին արդեն Իշխանասարում ծառայությունը պարբերաբար իրականացնող կամավորներից մեկը ևս ասել էր, որ կոնկրետ պաշտոնական տեղաշարժ կամ զորքի դուրսբերում բարձունքներից չի եղել։

«Սարի հատվածում՝ երրորդ ու չորրորդ գագաթի դիմացով, ոչ մի շարժ չկա։ Ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են այդ գագաթներում։ Եթե նահանջ լիներ, դրանից հետո մենք ՀՀ ինքնիշխան տարածքում կկանգնեինք, բայց ոչ մի տեղաշարժ չկա։ Հիմա այնտեղ բուք ու սառնամանիք է, հնարավոր է՝ մի քիչ այնպիսի տեղ ընտրեն, որտեղ փոս լինի, տեղավորվեն, բայց լրիվ հետքաշվելու մասին այստեղ խոսք չկա»,- հավելել է կամավորականը:

Ի դեպ, մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 26-ին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մանրամասն ներկայացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքում իրենց տարածքային հաջողություններն ու առաջխաղացումները:

   

Մասնավորապես, նշվում էր, որ իրենց ուժերի անարյուն տեղաբաշխումը հանգեցրել է տեսադիտարկման և ուղիղ կրակի ազդեցության հատվածի ընդլայնման՝ հայկական Վերիշեն գյուղի և Գորիս քաղաքի հարավ-արևելյան ուղղությամբ, ինչպես նաև՝ Շաքիի ու Իշխանասարի ուղղությամբ: Այսինքն, նրանք զբաղեցնում են Քիլիսալի լեռը:

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները ընթացել են Քիլիսալի լեռան շրջակայքում:

Վերադառնալով, ըստ էության, իշխանությունների իմացությամբ, Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինուժի հետքաշման մասին տեղեկության լրատվադաշտ նետմանը, հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմի լռությունը, կարելի է ենթադրել, որ իշխանություններն ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ ունեն ադրբեջանական կողմի հետ՝ լինի այդ տեղեկությունը ճի՞շտ, թե՞ սխալ: Չի բացառվում՝ լսենք նոր «գնի» մասին, որը վճարելու է Նիկոլ Փաշինյանը, բայց որը փաշինյանական իշխանության կողմից ներկայացվելու է՝ որպես հաղթանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել