Եվրախորհրդարանի 33 պատգամավոր Եվրամիությանը կոչ են արել ստիպել Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը։
ԵԽ պատգամավորները` պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ, նամակով դիմել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ անդրադառնալու նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
«Անհրաժեշտ է հստակ գործողություններով ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ և ամբողջությամբ լքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,–ասված է նամակում։
Եվրախորհդարանի անդամները դատապարտում են ադրբեջանական հարձակումը և ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությունը և լրջորեն վտանգում է տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։
Նրանք նաև խորը ցավ են հայտնում նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով զոհերի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել