Pastinfo.am-ը գրում է.

Իմ տվյալներով՝ Սյունիքում սահմանային վերջին միջադեպի հետևանքով մոտ 30 գերի ունենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.

«Իմ՝ ռուսական աղբյուրներից փորձել եմ ճշտել գերիների թիվը: Ըստ իրենց ունեցած տեղեկության՝ մենք 30 կամ ավել գերեվարվածներ ունենք Սյունիքի վերջին միջադեպից հետո: Բացի սա, երբ համադրում ենք պաշտոնական թվերը՝ իրենք ասում են 13 գերի և 24 անհետ կորած: Ես միանշանակ պնդել չեմ կարող, բայց ինձ հասած տեղեկությունների և բազմաթիվ փաստերի համադրությամբ՝ կարող եմ ասել, որ անհետ կորած մեր զինվորների զգալի մասը ևս գերեվարված են»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա փոխանցմամբ՝ գերիների հարազատներից, ինչպես նաև ադրբեջանցիներից, զարհուրելի տեսանյութեր է ստանում, որոնք վկայում են Բաքվում հայ գերիների խոշտանգումների մասին.

«Նվաստացումների տեսարաններ են, սարսափելին այն է, որ այդ տեսանյութերն ինձ ուղարկում են զինվորների մայրերը և կանայք: Կանանցից մեկն ասաց, լավ կլինի՞՝ ձեր երեխեքի դիակները բերեն, դնեն ձեր առջև: Ես, իհարկե, փորձեցի բացատրել նրան, որ ես այս պահին չունեմ մանդատ, բայց ես ավելին են անում, քան խորհրդարանում նստած որևէ մեկը: Ես հասկանում եմ նրանց էմոցիաները, մենք պետք է հոգատար լինենք, և թույլ չտանք, որ այդ տեսարանները տեսնեն: Ադրբեջանցի տականքները ևս զարհուրելի տեսանյութեր են ուղարկում՝ իմանալով, որ ես զբաղվում եմ ռազմագերիների հարցով: Երեկ ևս մի տեսանյութ եմ ստացել՝ ավտոբուսով մեր տղաներին տեղափոխում էին և բնականաբար նվաստացնելով: Մեզանից որևէ մեկը չի կարող պատկերացնել՝ ինչ են ապրում մեր տղաները՝ մեկ վայրկյան անգամ գերության մեջ մնալով»,-ասաց Զոհրաբյանը:

Իշխանությունը պատերազմի արդյունքների համար նոր մեղավոր է կարծես գտել՝ այս անգամ էլ գերիները:

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը մեղադրեց գերիներին և ասաց, որ պետք է ուսումնասիրվեն գերի ընկնելու դեպքերը:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Զոհրաբյանն ասաց.

«Ես Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև իր հետ ամեն ինչ պարզ է: Նայեք գերիների տեսանյութը, ի՞նչ կարող էին անել գերի ընկած զինվորները: Այլ բան, եթե զինվորը պաշտպանվելու հնարավորություն ունի, եթե ունի դիրքային այնպիսի առավելություն, որ պաշտպանվի , իսկ ինքը դիրքը թողնում, փախչում է, կամ կամավոր հանձնվում, դա այլ հարց է: Բոլոր այն տեսանյութերը, որ ես տեսել եմ, ես այնտեղ մեր զինվորի որևէ մեղավորություն՝ դիրք լքելու կամ մինչև վերջ չկռվելու, չեմ տեսել»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ պետությունը որևէ քայլ չի անում գերիների հարցը լուծելու ուղղությամբ, միայն անհատներն են իրենց կապերի միջոցով փորձում լուծել այս հարցը.

«Հայտարարում էին, որ Հայաստանը վերջապես ունեցավ պատմության մեջ ամենահզոր ՊՆ նախարարը: Հիմա ես ուզում եմ հայ ժողովրդի մեծագույն պաշտպանության նախարարից կոնկրետ պատասխաններ ստանալ՝ Սյունիքի վերջին պատերազմից հետո մենք քանի՞ զոհ ունենք , քանի՞ գերի ունենք: Ինչքա՞ն պետք է մեր կապերով հարցեր լուծենք։ Իհարկե, պետք է անենք, դա բոլորիս գործն է, բայց առաջին հերթին դա պետության գործն է, մեր աշխատանքը իրենք շատ դեպքերում ասում են՝ լկտի սուտ է, հետո պարզվում է, որ սուտն իրենց արծրունական սուտն է, իսկ ճշմարտությունն այն տեղեկությունն է, որը մենք ենք հրապարակում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև նշեց, որ գերիների հարազատների հետ մշտապես կապի մեջ է և փորձում է տարբեր միջոցներով գոնե տեղեկություններ ստանալ Բաքվում գտնվող մեր գերիների մասին.

«Մեզանից որևէ մեկը չի կարող պատկերացնել՝ ինչ են ապրում մեր տղաները մեկ վայրկյան անգամ ապրելով գերության մեջ: Մեծ-մեծ խոսելու փոխարեն, ԱԺ ամբիոնը գրկելու փոխարեն՝ ասածս վերաբերվում է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, պետք է արագ լուծվի այս հարցը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել