«Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ լուրեր կան՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ Քանաքեռում հնչած կրակոցների ժամանակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից: Այս հրապարակումից հետո պատգամավորը, որն արդեն Երեւանում է, հերքել է տեղեկությունը:
Ներկայացնենք պատգամավորի՝ լիրիկական զեղումներով ու վիրավորանքներով լի վիճահարույց հերքման տեքստի հակասությունները, առանց վիրավորանքներին հակադարձելու.

Եւ այսպես, Հայկ Սարգսյանը գրել է. «Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին»:
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկության համաձայն. «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմում խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար 2021 թվականի նոյեմբերի 10-13-ը Կազան (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին:
Սուտ 1. Հայկ Սարգսյանը եղել է գործուղման մեջ նոյեմբերի 10-13-ը, այլ ոչ թե 10-16-ը. ինչո՞վ է զբաղված եղել 13-16-ը՝ պարզ չէ, եւ նա չէր մասնակցում նաեւ ԱԺ լիագումար նիստի մեկնարկին:
Հավելենք, որ ԱԺ պաշտոնական տեղեկության համաձայն՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ օրապահիկի վճարումը կատարվել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Երկրորդ կետով պատգամավորը հայտնում է. «Դեպքի մասնակիցներից որեւէ մեկին չեմ ճանաչել»:
Թույլ տվեք չհավատալ պատգամավորի պնդումներին՝ հիշեցնելով Հայկ Սարգսյանի եւ Քանաքեռում սպանված Արթուր Ղազարյանի՝ Տույի ընկերական ջերմ հարաբերությունների մասին մամուլի հրապարակումները: Lurer.com-ը նոյեմբերի 11-ին հրապարակել էր. «Պատահական չէր, որ 44-օրյա պատերազմից հետո, Արցախի նախագահի հրամանագրով, Տույը պարգեւատրվել էր մարտական զենքով։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ցուցումը եղել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ վերջինիս բարեխոսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը»։
Այնուհետեւ պատգամավորը պնդում է, թե դեպքի մասին իմացել է հաջորդ օրը՝ տեղադրելով ՀԱՊԿ զորավարժություններին իր մասնակցությունը հավաստող լուսանկարներ:

Ապա նա ավելի հեռուն է գնացել եւ հրապարակել է նաեւ իր անձնագիրը, որտեղ կան նոյեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանից ելքի կնիքը եւ ՌԴ «Շերեմետովո» օդանավակայանի մուտքի կնիքը: Երեւում է նաեւ նոյեմբերի 16-ին միայն «Զվարթնոց» օդանավակայանի մուտքի կնիքը, եւ անհասկանալի է, թե որտեղից է պատգամավորը վերադարձել Հայաստան: Հայկ Սարգսյանի անձնագրում չկա ՌԴ որեւէ օդանավակայանից դուրս գալու մասը հավաստող ելքային կնիքը՝ այդ նույն ամսաթվով, բայց տարօրինակ է, որ կա «Զվարթնոց» օդանավակայան մուտք գործելու կնիքը: Եւ հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Հայկ Սարգսյանը հասել «Զվարթնոց» օդանավակայան՝ ՌԴ-ի՞ց, տիեզերքի՞ց, թե՞ Քանաքեռից:
Հարցեր են առաջանում պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելու օրվա, ժամի, ինչպես նաեւ վերադարձի մասով:

Եւ որպեսզի հստակ, անկողմնակալ պարզաբանում լինի, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՌԴ սահմանապահ ծառայությանը եւ խնդրել տալ տեղեկություն, թե ՀՀ քաղաքացի Հայկ Սարգսյանը երբ է Մոսկվա մեկնել, որ օդանավակայան է իջել, երբ եւ որտեղից է վերադարձել Հայաստան:

Ինչպես նաեւ դիմել ենք ՀՀ ԱԱԾ՝ խնդրելով տալ Հայկ Սարգսյանի հեռախոսային տեղայնացման տվյալները, որպեսզի հասկանանք, թե սպանության օրը նա որտեղ է եղել իրականում:

Երբ ստանանք ՀՀ ԱԱԾ-ի եւ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցի պատասխանները, միայն այդ դեպքում կքննարկենք Հայկ Սարգսյանի հերքումների հավաստիությունը:

Ինչպես ասում են՝ ամեն նախադասություն չէ, որ հերքում է, ամեն պատգամավոր չէ, որ օրենսդիր է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել