Hraparak.am-ը գրում է.

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան գյուղ, սակայն չեն կարողացել։ Սա այն գյուղերից է, որոնց հայտնվել են շրջափակման մեջ եւ ադրբեջանցիների՝ մաքսային հսկողության ներքո: Մարզպետն ու փոխվարչապետը փորձել են Բարձրավան հասնել իրենց գովական այլընտրանքային ճանապարհով, որը գրունտային է ու, պարզվում է` անանցանելի։ Իսկ անձրևային եղանակներին էլ ավելի է բարդանում երթևեկելը։ Նրանց տեղափոխող մեքենան, որն ամենագնաց է եղել, չի կարողացել տեղ հասնել՝ խրվել-մնացել է ցեխի մեջ։

Բարձրավանի վարչական ղեկավարը տեխնիկա է ուղարկել, որ մեքենան քաշեն, դուրս բերեն ցեխից, հասցնեն գյուղ, բայց չի հաջողվել։ Մենք զրուցեցինք Բարձրավանի ղեկավարի` Օնիկ Ավագյանի հետ։ «Հա, չեն կարողացել հասնել։ Էդ այլընտրանքային ճանապարհով, որ պիտի գային: Էս մի հատվածում նոր իմ պահանջով տեխնիկա են տարել, որ էդ հատվածը սարքի։ Քանի որ ցեխ ա եղել, տրանսպորտ չի կարողացել իջնի, իրենք էլ չեն կարողացել մտնել գյուղ։ Իրենք էդ այլընտրանքային ճանապարհով էին գալիս, որ էդ ճանապարհի վիճակը իրենց աչքով տեսնեին։ Ես էլ իրենց խնդրել եմ, որ էդ տեխնիկաները տեղափոխեն էս մի կողմ, որ գյուղի կողմից սկսեն ճանապարհների խճապատումը, որովհետև ամենաանանցանելի հատվածը էս կողմի հատվածն ա՝ Բարձրավանի հատվածը, որ պիտի հասնի Տաթև-Կապան ճանապարհին»,-ասաց Ավագյանը։

Փաստորեն, այն այլընտրանքային ճանապարհը, որն առաջարկում են այս իշխանությունները շրջափակման մեջ հայտնված գյուղերին, անանցանելի է, և անգամ ամենագնացներն են մնում ճանապարհին։

Նշենք, որ Օնիկ Ավագյանը երեկ մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ ճանապարհով շտապօգնության մեքենան էլ չի կարողանում հասնել իրենց գյուղ, և իրենք հիմա հայտնվել են շատ բարդ վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել