Hraparak.am-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 9-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրի 1 տարին։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ մինչև երեկոյան ժամերը, հանրության այն հատվածը, որն ամեն օր լսում էր Արծրուն Հովհաննիսյանին, վստահ էր, որ պատերազմում հաղթելու ենք, որ Շուշիի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում, սակայն այն մնալու է հայկական և որևէ այլ սցենար հնարավոր չէ։ Հաղթանակի սպասող հանրությանը, սակայն, սառը ցնցուղ էր սպասվում: Նախ, Արցախի նախագահը, ապա նրա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հանդես եկան ֆեյսբուքյան գրառմամբ, որը փշուր-փշուր արեց մինչ այդ Արծրուն Հովհաննիսյանի կառուցած ստի կայսրությունը․

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…։ Կռվում ենք մինչև վերջ»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։

Այս գրառումից մեկ տարի անց «Հրապարակը» զրուցեց Վահրամ Պողոսյանի հետ՝ նախ հարցրեցինք, թե այս մեկ տարվա ընթացքում ինչպիսի՞ն է արցախցիների կյանքը, որևէ դրական փոփոխություն կա՞, ինչպե՞ս է ինքը տեսնում Արցախի հետագա ճակատագիրը։

«Դժվար է միանշանակ որևէ բան ասել, բայց կարող ենք արձանագրել, որ պատերազմից հետո Արցախ է վերադարձել ավելի քան 110 հազար մարդ: Ունենք տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչներ, որոնց խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանեմ, որ բոլորիս մոտ կա և՛ հույս, և՛ մտահոգություններ, քանի որ հետպատերազմական վիճակը նոր ու բարդ մարտահրավերներ է բերել իր հետ: Իհարկե, մեծ է ռուս խաղաղապահ զորակազմի դերն Արցախում խաղաղության պահպանման գործում, թեև պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերաբար հրահրվում են սադրանքներ՝ առաջնահերթ նպատակ ունենալով հայաթափել Արցախը: Թե որքանով մեզ կհաջողվի հաղթահարել առկա խնդրիները, ցույց կտա ժամանակը, բայց որ մեր հողում ապրելու վճռականությամբ ենք լցված, դա քննարկման հարց չէ»,- պատասխանեց Պողոսյանը։

- Մեկ տարի առաջ այս օրը Դուք հայտնեցիք Շուշիի կորստի լուրը, մինչդեռ Հայաստանում իշխանությունները հանրությանն ասում էին, որ Շուշիի մատույցներում մարտեր են ընթանում, իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ վստահեցնում էր, որ Շուշին հայկական է մնալու։ Ձեր հայտարարությունից հետո մարդիկ նույնիսկ սկսեցին գրել, թե Ձեր ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Ինչպե՞ս որոշեցիք այդ սարսափելի լուրը առաջինը հայտնել, ինչո՞ւ ստանձնեցիք աղետաբերի պատասխանատվությունը։

- Չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել, թե ով, ինչ կամ ինչու է ասել: Ժամանակն, այս իմաստով, կարծում եմ, այն գործոնն էր, որ ամեն ինչ իր տեղը դրեց… Իհարկե, շատ դժվար էր այդ մեծ պատասխանատվությունը ստանձնելը, բայց այն, ինչի ականատեսն էի ես, ավելի սարսափելի շարունակություն կարող էր ունենալ, եթե չլիներ այդ խիստ հիասթափեցնող, բայց միևնույն ժամանակ սթափեցնող գրառումը: Իրականում նոյեմբերի 9-ին թշնամին գտնվում էր Ստեփանակերտի մատույցներում, և գոնե ինձ համար հստակ էր, որ վերջին հնարավորությունն է մնացել Արցախի՝ այդ պահին մեր վերահսկողության տակ մնացած մասը փրկելու: Այլապես մենք կորցնելու էինք ոչ միայն Ստեփանակերտը և Արցախի մնացած մասը, այլև հազարավոր նոր զոհեր էին լինելու... Հիմա էլ կան մարդիկ, ովքեր փորձում են վիճարկել այդ հայտարարության անհրաժեշտությունը: Այդ մարդկանց մի բան կարող եմ ասել. նրանք մինչև հիմա չեն տիրապետում իրադարձությունների իսկությանը և չեն պատկերացնում հետևանքների անդառնալիությունը...։

- Այս 1 տարվա ընթացքում Դուք զգացե՞լ եք Հայաստանի ներկայությունը Արցախի և արցախցիների կողքին։

- Միշտ: Առանց Հայաստանի և հայության աջակցության, հնարավոր չէ Արցախում միայնակ դիմակայել առկա մարտահրավերներին: Արցախում ապրողներս (ասում եմ առանց չափազանցության) ապագայի հանդեպ մեր տեսլականը սեփական հողում շատ դժվար կունենայինք, եթե ամեն օր մեր թիկունքում չզգայինք Մայր Հայրենիքի տաք շնչառությունը: Ու կապ չունի, որ պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է թույլ վիճակում, մենք հավատացած ենք, որ ուժեղ ու զարգացած Հայաստանի օրերը դեռ առջևում են: Մեր ժողովուրդը մեծ կամք ունի, ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ուժի զորությանը:

- Այդ ժամանակ Դուք զբաղեցնում էինք Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը, հետագայում հեռացաք այդ պաշտոնից։ Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը փոխեց Ձեզ։

- Որևէ պաշտոնից չեմ հեռացել: Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020թ.-ի մայիսին նշանակվել եմ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ և առայսօր շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Քանի դեռ Նախագահը մամուլի խոսնակ չէր նշանակել, լրատվամիջոցները հաճախ ինձ ներկայացնում էին՝ որպես մամուլի խոսնակ: Եվ քանի որ պատերազմի ելքով պայմանավորված հանրային դաշտում գերիշխում էր բացասական ֆոնը, որոշել եմ լրատվամիջոցների հետ ակտիվ շփումը միառժամանակ դադարեցնել։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել