Մայոր Մեսրոպ Վարդանյանը Լոռու մարզի Լեռնանցք գյուղից էր։ Բանակի շարքերում էր 2012 թվականից։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո ծառայության էր անցել Արցախում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից պատերազմի ամենաթեժ կետերում է եղել։ Սկզբում Քանտ-Հորադիզ-Ջրական ուղղություններում, ապա՝ հոկտեմբերի 26-29-ին, մասնակցել է Ավետարանոց գյուղի ինքնապաշտպանական մարտերին, տանկի և ՀՄՄ-ի անձնակազմներին դուրս բերել շրջափակումից։ Նոյեմբերի 6-7-ին, որպես տանկի անձնակազմի հրամանատար, կամավոր մեկնում է Շուշի՝ շրջափակման մեջ գտնվող զինվորներին դուրս բերելու։
Նոյեմբերի 8-ին 2 անգամ կարողանում է մտնել ձորը, շրջափակման մեջ գտնվող զինվորներին թիրախավորած թուրքերի ուշադրությունն իր վրա գրավելով ու փրկելով զինվորների կյանքը։ Երրորդ անգամ հայտնվում է շրջափակման մեջ, տանկը խոցվում է, ինքն ու անձնակազմի մի զինվոր ծանր վիրավորվում են։ Այդ ընթացքում կապ է հաստատում բժշկի հետ, նկարագրում զինվորի վիճակը, փորձում հնարավոր ամեն ինչ անել զինվորի կյանքը փրկելու համար: Ինքն էլ այրվածքներ ուներ: Հետո զանգում է բժշկին ու ասում է, որ զինվորն արդեն չի շնչում... Բժիշկը խորհուրդ է տալիս Մեսրոպին շտապ վերադառնալ, սակայն նա ասում է, որ շատ թույլ է ու չի կարող դուրս գալ ձորից: Երեկոյան արդեն զանգերն անպատասխան են մնում...
Օրեր անց, երբ ադրբեջանցիները թույլ են տալիս փրկարարներին մտնել Շուշի՝ որոնելու զոհվածների մարմինները, նրանք գտնում են Մեսրոպին՝ իր զինվորի կողքին, հավերժությանը ձուլված... Մեսրոպը մինչև վերջ մնաց իր զինվորի մոտ, վանելով նրանից մահվան սարսափն ու մենակ մահանալու ողբերգությունը:
Ոչ ոք չգիտի, թե ինչպես ապրեց իր կյանքի վերջին վայրկյանները մայոր Վարդանյանը, բայց գիտեն, որ նա զոհվեց հերոսին վայել։
Հավերժ փառք քեզ, պարոն մայոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել