Pastinfo.am-ը գրում է.

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը չի կարող կապվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման միակ և կարևոր միջազգային հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, - հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Factor TV-ին տված հարցազրույցում։

«Ընդհանուր առմամբ, սահմանների ճանաչումը փոխկապակցելն այլ հարցերի հետ որևէ տեղ չտանող քննարկում է։ Գիտեք, որ մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել ՌԴ-ի մեր գործընկերներին և ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ա.Գրիգորյանն ու ավելացրել, որ Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Այստեղ կոնտեքստը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն է։ Տարածքային խնդիր չի եղել Լեռնային Ղարաբաղը, այն եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցն ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը, 90-ականներին միանալով ԱՊՀ-ին, և Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկը, ընդունել է հիմնադիր փաստաթուղթ, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են։ Բայց դա չի խանգարել ունենալ հարց, որը պետք է քննարկվի և որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակում կամ աշխատանքային խմբում քննարկվել։ Կա հատուկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ստեղծված միջազգային կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հարցը քննարկվելու է այդտեղ՝ երկարատև լուծում ստանալու տրամաբանության շրջանակում»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել